Մատչելիության հղումներ

Սպանության դեպքից երկու օր անց Փարաքարի համայնքապետը հրաժարական է տվել


Երևանում կատարված սպանությունից երկու օր անց պաշտոնից հրաժարվել է Փարաքարի համայնքապետը։ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ վիճաբանության մասնակիցներից է եղել, ըստ հրապարակումների՝ անգամ հրազենային վնասվածք է ստացել։

Մինչ այս պահը ոչ իրավապահները, ոչ Գյուլնազարյանը, ոչ էլ իշխող կուսակցությունը չեն պարզաբանել՝ ինչու էր համայնքապետն այնտեղ, ինչ հարցեր ուներ։

Իշխող կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մինչև նախաքննության ավարտը չցանկացավ իր լսածը պատմել։ Բայց ըստ նրա՝ համայնքապետի՝ դեպքի վայրում լինելն արդեն իսկ խնդիր է, քաղաքական հետևանք պետք է լինի, իսկ դա կապ չունի քննչական գոծողությունների հետ։

«Նախաքննությունը քաղաքական պատասխանատվության ու քաղաքական ճիշտ կամ սխալ վարվելակերպը չպիտի պարզի, նախաքննությունը պիտի պարզի, թե ով է քրեական հանցագործություն կատարել, ով՝ ոչ», - նշեց Ալեքսանյանը:

Աջափնյակ համայնքի ավտոլվացման կետերից մեկում շաբաթ կեսգիշերին մի խումբ մարդիկ վիճաբանել են, որի ժամանակ կրակոցներ էին հնչել, մեկ հոգի սպանվել էր։ Երկու հոգի հրազենային վնասվածք էին ստացել։ Թե ովքեր են վիրավորները, Քննչականը չի մանրամասնում։ Հայտնում են, որ 42-ամյա տղամարդը սպանվել է իր եղբոր արձակած կրակոցներից։ Իրավապահների որակմամբ՝ անզգուշությամբ է մահը պատճառվել։ Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Մինչ այս պահը ձերբակալված չկա։

Արյունոտ վիճաբանությունից ժամեր առաջ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել էր հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ իրավապահների անարդյունավետությունից։

«Պատճառ միշտ էլ կգտնվի, բայց դա չի արդարացնում: Ոստիկանության և մեր իրավապահ համակարգի արդյունավետությունը սրանով է չափվում: Անհանդուրժելի է գոնե ինձ համար, չենք կարող նստել ու ասել պարզ է, որ պետք է կրակեն, ոչ, պարզ չի ու չպետք է կրակեն», - Փաշինյանի այս խոսքերին հաջորդած դեպքերը արդյոք նշանակո՞ւմ են, որ թիմակիցները լուրջ չեն ընդունել նրա ելույթը։ Իշխանական պատգամավորն արձագանքեց՝ հիշեցնելով քաղաքական հետևանքի՝ պաշտոնից հեռանալու մասին։

«Վարչապետի ելույթն ուղենիշային էր, և մենք պետք է շարժվենք 0 տոլերանտություն հանցավորության և մնացածի նկատմամբ տրամաբանության ու նաև ինքներս որպես պետական ու համայնքային պաշտոնյաներ պետք է լավագույն օրինակը ծառայենք հանրությանը», - ընդգծեց Ալեքսանյանը:

Լյուդվիգ Գյուլնազարյանը երկու օր է՝ չի արձագանքում հրապարակումներին։ Այսօր էլ նրան տեսնել չհաջողվեց։ Համայնքապետարանում չէր։ Նա Փարաքարը ղեկավարեց մոտ կես տարի։

Իշխող թիմն այս համայնքի կառավարմանը հասավ մեծ դժվարությամբ։ Ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր։ Ամենաշատ ձայնը հավաքել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, որին այդպես էլ չհաջողվեց կառավարել համայնքը։ Իշխող կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը միացան ու երկարատև պայքարից ու իրավական քաշքշուկից հետո նրանց հասավ համայնքի կառավարումը։ Երկուսուկես տարի Դավիթ Մինասյանը պաշտոնավարեց, ամիսներ առաջ պաշտոնը փոխանցեց իշխանության թեկնածուին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG