Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էջերից հեռացնելուց հետո աշխատանքից հեռանում է արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը:
«Երկու միջադեպով հասկացա, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիտարկվում է որպես քաղաքական հաստատություն, այսինքն՝ քաղաքական գծի կրող պիտի լինի»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի նախկին ղեկավար Կարինե Հարությունյանը:
Աշխատանքից դուրս գալու դիմում ավելի վաղ էր գրել, երբ վարչապետի ցուցումով նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացավ տնօրենի պաշտոնից: Փաշինյանը Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը սադրանք էր համարել և հոգաբարձուների խորհրդի կողմից կառավարվող հաստատությունում տնօրեն փոխելու հրահանգ տվել:
Գզոյանին փոխարինելու եկած Փաշինյանի թիմակցի՝ Հրաչյա Թաշչյանի հետ էր երկրորդ միջադեպը. ապրիլի 24-ին Վեհափառի այցի վերաբերյալ լուսաբանումը նրան դուր չէր եկել՝ տեղեկատվությունը կայքում ու սոցցանցում տեղադրելուց ժամեր անց:
«Հարցրեց՝ սովորաբար ինչպե՞ս է լուսաբանվել, աշխատակիցը նշեց, որ պետական այրերի, Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը, եթե այդ օրը պաշտոնական պատվիրակություններ են լինում, այդ պատվիրակությունների մասին է գրվում և վերջում լուսանկարներով ամփոփվում է օրը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ այո, ինչպես սովորաբար լուսաբանվել է, նույն ձևով»,- պատմում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի նախկին ղեկավար Կարինե Հարությունյանը:
Հետո տեղեկատվությունը հեռացնելու հրահանգն են ստացել թանգարան- ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանից.
«Ասաց՝ մենք պետական հաստատություն ենք, մենք անկախ հիմնարկ չենք և չենք կարող ինքնուրույն բաներ անել, խնդրում եմ այդ տեքստը հեռացրեք, դուք ինձ չէիք ասել, դուք առանց ինձ տեղեկացնելու եք դա դրել, ես անակնկալի եմ եկել: Սա մեզ համար էլ էր անակնկալ: Ասաց՝ ձեր դիմումները կային, բայց ես չէի մակագրել, բայց հիմա ցավով ասում եմ, որ այո... Ես ասացի, որ իմ դիմումը Ձեզ մոտ է, մակագրեք»,- պատմեց Կարինե Հարությունյանը:
Ինքնուրույն ոչ մի բան էլ տեղի չէր ունեցել, ըստ Կարինե Հարությունյանի: Կարճ տեղեկատվություն պետական այրերի ու Վեհափառի ապրիլ քսանչորսյա այցի վերաբերյալ միշտ է տեղադրվել թանգարան-ինստիտուտի մեդիա հարթակներում: Պետական արարողակարգով Ամենայն Հայոց կաթողիկոսը ավագությամբ զիջում է միայն նախագահին:
Կարինե Հարությունյանն ասում է. «Չեմ կարող ենթադրություններ անել, թե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ինքնուրույն որոշե՞ց, թե՞ իրեն հուշեցին»:
«Ազատությունը» վարչապետ Նիկոլ Փաշինյանից էր հետաքրքրվել՝ իր հրահանգո՞վ է Վեհափառի այցի մասին տեղեկությունը հեռացվել ինստիտուտի էջերից: Վարչապետն արձագանքել էր. «Ես տեղեկություն ընդհանրապես չունեմ Ձեր նշած ցեղասպանության թանգարանի մասին, առաջին անգամ եմ լսում ընդհանրապես»:
Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու պլանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում է: Ստացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հետևում են իշխանական պլաններին, արդեն Ամենայն Հայոց կաթողիկոսին կաթողիկոս չե՞ն համարում, հարցրինք ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանին:
«Չէ, ոչինչ չի փոխվել, մեր գործունեության մեջ որևէ բան չի փոխվել, բաժինները ոնց կային, այնպես շարունակում են աշխատել, մեր սովորական ռեժիմով»,- ասում է Թաշչյանը:
Եթե ոչինչ չի փոխվել, ինչո՞ւ է հրահանգել Վեհափառի անունը չեզոքացնել մեդիահարթակներից, ասաց. «Մենք դնում ենք էն լուրը, որին մենք մասնակից ենք»:
Հրաչյա Թաշչյանի պատասխանից շատ բան չհասկացանք. Վեհափառն այցելել է Ծիծեռնակաբերդ Սրբոց նահատակաց մասունքարանով և անմար կրակի մոտ հոգևոր կարգ է մատուցել: Գիտնականներն այս ամենի ո՞ր դրվագին պիտի մասնակցեին, քաղաքական օրակա՞րգ է մտել գիտական այս տարածք,- անհանգստանում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը.
«Ես չէի ուզի, որ մեր ինստիտուտը դառնար կուսակցական խաղերի թատերաբեմ: Մեր ինստիտուտում կան տարբեր մարդիկ, տարբեր մարդիկ ունեն քաղաքական տարբեր դիրքորոշումներ, այդ մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումները թողնում են ինստիտուտի դռներից դուրս, մտնում են ինստիտուտ, աշխատում են որպես համազգային կառույցի ներկայացուցիչ, հետո դուրս են գալիս երեկոյան երկրպագում են տարբեր քաղաքական ուժերի»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը:
Սա համազգային նշանակության կառույց է, ոչ միայն պետական հաստատություն,-շեշտում է Սուրեն Մանուկյանը. «Երբեք սա չի եղել սովորական հիմնարկ, այստեղ եղել են շատ ավելի մեծ հետաքրքրություններ և՛ սփյուռքի հետ կապված, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված...»
Գիտնականի համար Վեհափառի անունը հեռացնելու հրահանգը անակնկալ է եղել, ասում է՝ նա էլ համազգային ինստիտուտ է. «Ամենայն Հայոց կաթողիոկս է էլի, ամեն դեպքում, ազգային ինստիտուտ է»:
Աշխատանքից արդեն հեռացած Կարինե Հարությունյանը շեշտում է՝ երբեք որևէ քաղաքական կողմնորոշում չի ունեցել, չունի և մտադիր չէ կուսակցական ծրագրեր սպասարկել. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ աշխատանքի ընդունվելիս էն գիտակցությամբ եմ եկել այստեղ, որ սա ազգային հաստատություն է և ապաքաղաքական, համազազգային բնույթ կրող հաստատություն է»:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սկանդալը մարտի սկզբին պայթեց և այն դեռ չի մարում: Հայաստանում ու արտերկրում ցեղասպանագետներն ահազանգում են ակադեմիական ազատության սահմանափակումների, ինստիտուտի քաղաքականացման մասին: Կրթական գերատեսչությունը հայտարարում է, որ ոչ մի սահմանափակում չկա, գիտական աշխատանքը շարունակվելու է առաջվա պես: Հիմնավորում, սակայն, այդպես էլ չի հնչում՝ ինչու է իշխող ուժի ծրագրից բխող քայլ անում թանգարան-ինստիտուտի ղեկավարը. ՔՊ-ն ուզում է հեռացնել կաթողիկոսին, Հրաչյա Թաշչյանն արդեն հեռացրել է նրան որտեղից կարողացել է՝ թանգարան-ինստիտուտի մեդիահարթակներից: