Մինչ Երևանն ու Վաշինգտոնը որոշակիացնում են Թրամփի ուղու գործարկման դետալները, վարչապետ Փաշինյանն այսօր զուգահեռ նոր առաջարկ արեց Ադրբեջանին՝ դեպի Նախիջևան այլընտրանքային ճանապարհ:
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլյան կապը։ Մեր այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները»,- Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքով անցման այս նոր ճանապարհի մասին մանրամասներ չներկայացրեց, ի՞նչ կարգավորումներ է առաջարկում Երևանը՝ հատկապես նկատի ունենալով, որ Բաքվի պահանջն է Նախիջևանի ճանապարհին չտեսնել հայերի:
«Մենք այս առաջարկը անում ենք, որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի։ Հայաստանի և Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար»,- Եվրոպական խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բաքվից դեռ պաշտոնական արձագանք չկա: Նման առաջարկ Փաշինյանը դեռ վաղուց էր հնչեցրել՝ բացել Հայաստանի սահմանակետերը՝ անցում տալու Ադրբեջանին, բայց Բաքուն դա որակում էր մանիպուլյատիվ՝ պահանջելով ուղիղ ճանապարհ Սյունիքով: Վարչապետն ինքը հիշեցրեց, որ Ադրբեջանին ու Թուրքիային նաև առաջարկել է Հայաստանի տարածքով միմյանց երկրներ տարանցում.
«Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի «Թրիփ» նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը «Թրիփ» նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի»,- շեշտեց Փաշինյանը։
Եվրոպական հարթակը վարչապետն օգտագործեց բարձրաստիճան եկեղեցականներին կրկին խիստ քննադատելու համար, առանց անուններ տալու նա հիշեցրեց ահաբեկչության փորձի համար այժմ կալանավորված Բագրատ սրբազանի առաջնորդած բազմահազարանոց շարժումը, որ սկսվել էր Տավուշում սահմանագծման, չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու օրերին: Ասաց՝ թեմային չէր անդրադառնա, եթե փորձ չարվեր հոգևորականներին ներկայացնել որպես քաղբանտարկյալներ։
Վարչապետի խոսքով.- «Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, ի դեպ, նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել 3-րդ երկրների շահերին»։
Որևէ հոգևորականի, սակայն, դավաճանության, լրտեսության կամ այդօրինակ մեղադրանք առաջադրված չէ, նրանք անցնում են այլ՝ իշխանությունը զավթելու կոչից մինչև թմրանյութերի շրջանառության հոդվածներով, որոնք ևս որակում են քաղաքական հաշվեհարդար: Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջիններից էր, որ արձագանքեց վարչապետի ստրասբուրգյան ելույթին.
«Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ իր միջազգային ելույթներում ստիպված է լինում միևնույն ելույթի մեջ օգտագործել Հայաստան և քաղբանտարկյալներ հասկացությունը, ստիպված է լինում հիմնավորել իր կեղծ պնդումներով, իհարկե, եկեղեցու դեմ հարձակումները, ստիպված է լինում անդրադառնալ ներքաղաքական պայքարի, նշանակում է, որ ալտերնատիվ կարծիքները սկսել են հասնել եվրոպական քաղաքական շրջանակներ»,- ասում է Հանրապետականի փոխնախագահը։
Վարչապետը Եվրոպացի պատգամավորների համար նաև Իրանի շուրջ զարգացումների մասին խոսեց՝ հայտարարելով, թե հարևան Հայաստանը փոքր, համեստ պետություն է, որին մնում է միայն աղոթել: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցության հեռանկարին, առաջին անգամ Փաշինյանն այս ճանապարհին նոր խոչընդոտեց վկայակոչեց. «Այս պահի ամենամեծ խնդիրը Եվրոպական միության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, և մենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ: Եվ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրամիություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա»,- Եվրոպական խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բրյուսելը Թբիլիսիի հետ երկխոսությունը սառեցրել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Արևմտյան երկրները Վրաստանին մեղադրում են ժողովրդավարության էական հետընթացի համար: Պաշտոնական Երևանը վարչապետի նշած օրենքն ընդունելուց հետո Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել: