Դանիայի մայրաքաղաքում այսօր կայացել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ հանդիպումը:
«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև կարճ տեսանյութ:
Քիչ անց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևն «ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը»։ «Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Նազելի Բաղդասարյանի փոխանցամբ՝ «Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»։
Այս համատեքստում, հաղորդագրության համաձայն, կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
Կողմերը կարևորել են վստահություն ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները, ասված է հաղորդագրությունում:
Նույնպիսի հաղորդագրություն հրապարակել է նաև ադրբեջանական կողմը: