Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպեց Հանրային խորհրդի նոր կազմի հետ՝ փակ դռների ետևում


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում Հանրային խորհրդի նոր կազմի հետ էր հանդիպում՝ հանրության և լրատվամիջոցների աչքից հեռու, փակ դռների ետևում։ Մասնակիցների հեռախոսներն էլ անվտանգության աշխատակիցները հավաքել էին՝ արտահոսքից խուսափելու համար։

Իսկ հանրության համար ի՞նչ կարևոր հարցեր էին քննարկվում ներսում։ Մասնակիցները շատ փակագծեր չբացեցին, բայց խորհրդի նոր կազմի անդամ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրենի խորհրդական Ռուբեն Բաբայանն «Ազատությանն» ասաց՝ գործնական խոսակցություն էր, ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա։

«Բազմաթիվ հարցերից ես տեղյակ էի՝ անվտանգային խնդիրների վերաբերյալ, բայց, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է, իսկ մանրուքները՝ դա մեր օրենսդրական դաշտն է, դա մեր ուռճացրած ապարատներն են, կառավարման թերի համակարգը, որի հետ մենք առնչվում ենք ամեն օր: Մենք հաճախակի դա անտեսում ենք, զբաղվում ենք գլոբալ հարցերով: Եթե դու անտեսում ես մարդկային, կենցաղային նույնիսկ, ամենակարևոր հանգամանքները, մեծ հարցերում դու տապալվում ես», - ընդգծեց Բաբայանը՝ հավելելով. - «Ես չեմ կարող ասել, որ ես համոզված եմ, ես չեմ կարող ասել, որ դա պարտադիր կլինի: Կապրենք՝ կտեսնենք»:

Խորհրդի նորանշանակ նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին նիստից հետո ասել էր, որ իր ղեկավարած կառույցի նպատակն է խթանել հանրային լավատեսություն, որ «լացից, նվնվոցից և հուսահատությունից հանրությունը տեղափոխվի գործնական ու կառուցողական դաշտ»։

«Ազատություն»-ը փորձեց Խզմալյանից ճշտել՝ արդյոք վարչապետն այսօր ավելի քան երկու ժամ տևող նիստի ընթացքում ցույց տվեց լավատեսության ճանապարհը՝ ինչպե՞ս է պետք խթանել այն։

«Գիտե՞ք, մենք վարչապետին չէինք հրավիրել, որպեսզի մեզ լավատեսության երաշխիքներ տա: Այս խոսակցությանը պետք է մոտենալ քայլ առ քայլ, բայց, ամեն դեպքում, այն տեղեկությունը, այն մանրամասները, որ մենք այսօր ստացանք վարչապետից բարեփոխումների, անվտանգային համակարգում բարեփոխումների վերաբերյալ, իհարկե դրանք բավական տրամադրող են՝ նախ այս վստահության մթնոլորտը ձևավորել Կառավարության հետ, այնուհետև այն տեղեկությունը, որ մենք ստանալու հնարավորություն ունենք իբրև Հանրային խորհուրդ, ճիշտ ժամանակ, ճիշտ պայմաններում և ճիշտ դոզայով, եթե կարելի է ասել, ու ձևաչափով փոխանցել հանրությանը», - ասաց Հանրային խորհրդի նախագահը:

Նախորդ նիստում անդամները խոսում էին, որ պետք է բարձրացնել հանրության համար ամենահրատապ հարցերը՝ հանրային բևեռացվածությունը թուլացնելուց մինչև արցախցիների սոցիալական խնդիրներ, քաղպաշտպանությունից մինչև անվտանգություն: Այսօր ճանաչողական հանդիպում էր, փորձում էին հասկանալ՝ արդյոք միմյանցից ակնկալիքները նույնն են։

«Մենք կարիք ունենք հանդարտ, ողջամիտ, անաղմուկ երկխոսության Կառավարության հետ՝ ազատ քաղաքական նպատակներից և ենթատեքստերից, և համոզված եմ, որ եթե այս մթնոլորտը և այս ձևաչափը լինի շարունակական, չի կարող իր առողջացնող ազդեցությունը չունենալ մեր, ցավոք սրտի, հիվանդագին և շայրահեղ հանրային տրամադրությունների պայմաններում», - ասաց Խզմալյանը:

«Ես ավելի շատ կընկալեի լավատեսությունը որպես գործի արդյունք, այլ ոչ թե գործի սկիզբ: Կյանքը ցույց կտա՝ ինչպես կաշխատի Հանրային խորհուրդը, ինչ հարաբերություններ կունենա Կառավարության հետ: Հանրային խորհրդի աշխատանքը շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչպես կաշխատեն այդ պրոֆիլային հանձնաժողովները: Տոլստոյը ասում էր՝ «Շատ հեշտ է գրել տիեզերքի մասին և շատ դժվար է՝ գարնանացանի մասին»: Ես կարծում եմ՝ այդ գարնանացանը, հիմնական աշխատանքը պետք է լինի այդ հանձնաժողովների պրոֆիլային», - ասաց Բաբայանը:

Հանրային խորհրդի նոր անդամները
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Նոր խորհուրդը պետք է ստեղծի քաղաքականապես չեզոք 7 անդամներից կազմված փաստահավաք հանձնաժողով, որն, իր հերթին, պետք է քննի Հայաստանում անկախացումից մինչև 2023 թվականը տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումներն ու երկու-երեք տարում զեկույց ներկայացնի: Իրազեկ քաղաքացիների միավորումից Դանիել Իոաննիսյանը, որ այսօր նույնպես ներկա էր հավաքին, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում կասկածի տակ էր դրել այդ աշխատանքի արդյունավետությունը։

Հանրային խորհուրդն այս կազմով գործելու է միայն մեկ տարուց մի քիչ ավելի: Օրենքի պահանջով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հանրային խորհրդի նոր կազմ պետք է ընտրվի:

Օրվա վերջին Կառավարության լրատվականը հրապարակեց Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետի 10-րոպեանոց ելույթը:

«Չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը, հանրային հարթակներին հետևելով, հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է, և սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ», - մասնավորապես հայտարարել է պետության ղեկավարը:

«Հայաստանի ապագայի համար շատ ավելի լավատես եմ, քան 2018, 19, առավել ևս 20, 21 թվականներին: Իսկ ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է: Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի առկայությունը չթերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր և ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում», - ասել է Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի հետ հանդիպմանը:

Փաշինյանը՝ Հանրային խորհրդի նիստին
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG