Մատչելիության հղումներ

Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին


Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է, Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնել: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչի համար կայացնենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա: Հիմա կա՞ անհամատեղելիություն, թե՞ չկա, ակնհայտորեն չկա, որովհետև երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում: Երբ որ կգա այն կետը, որ հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք՝ ինչ որոշում կայացնենք: Եվ այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության պետական շահերից՝ կկայացնենք»,- ասաց վարչապետը:

Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։

Մոսկվան ասում է, թե «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ»՝ զգուշացնելով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG