Մատչելիության հղումներ

«Պետությունը բարեկեցություն ապահովելու գործիք է». Փաշինյանը 2025-ի բյուջեի քննարկմանը խոսեց առանց թվերի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ խոսեց ոչ թե թվերով, այլ կարգախոսներով, համախմբեց բոլոր իր լոզունգները՝ սկսած նախահեղափոխականից, որ՝ «Հայաստանի ապագան կախված է Հայաստանի քաղաքացուց», մինչև ամենավերջինը՝ հաց ու կացը իրական հայրենիքում որոնելու մասին ու եզրահանգեց. - «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ պետությունն իր քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է. - «Միայն պետությունը կարող է հարկեր հավաքագրել ու ունենալ պետական բյուջե, որն ինչպես ակնհայտորեն ի ցույց դրեցի, համընդհանուր բարեկեցության գործիք է և հետևաբար պետությունն իր քաղաքացիներին համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է»:

Այդ առումով, ըստ վարչապետի, պետք է նաև փոխել մոտեցումը, թե բարեկեցություն պետք է դրսում որոնել. - «Բարեկեցության գործիք պետության մասին խոսելիս մարդիկ նկատի են ունեցել ուրիշ պետություններ և ոչ թե իրենց հայրենի պետությունը»:

Ինչպե՞ս է հնարավոր ուժեղացնել պետությունը՝ Փաշինյանի առաջարկը պարզ է՝ ավելի արդյունավետ և շատ աշխատել, իսկ պետական մարմինների համար՝ «առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով և/կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը»:

Հնարավոր քննադատներին, թե «ի՞նչ էիք անում վերջին 6,5 տարիներին», Փաշինյանը հենց ելույթում փորձեց կանխել. - «Իսկ ի՞նչ էինք անում մենք մինչև հիմա՝ վերջին 6,5 տարիներին: Իհարկե, չի կարելի ասել, որ մենք այս ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացրել. մենք շատ աշխատանքներ ենք իրականացրել, բայց շատ կարևոր է, որ այդ աշխատանքները չենք իրականացրել հայեցակարգային հստակ ձևակերպման ու պլանի ներքո»:

«Տպավորությունն է, որ ինքն ուղղակի էդ թուղթը չէր կարդացել»

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, սակայն, ուրիշ քննադատություն էլ ունի, ասում է՝ Վարչապետի ելույթը ոչ թե կառավարության առաջնահերթությունների ու ծրագրերի ուղերձ էր, այլ կարծես դասախոսություն լիներ աշակերտների համար:

«Այն տպավորությունն է, որ ինքն ուղղակի էդ թուղթը չէր կարդացել, պետք էր 45 րոպե խոսել, խոսեց նրա մասին ինչից հասկանում էր, ինչից տեղյակ էր, իհարկե, չմոռացավ համեմել՝ որտեղ հաց, էնտեղ կաց, հայրենիքի սոցիալ-հոգեբանական ընկալումը և այլն, այդ մանիպուլյատիվ պնդումներով: Ինքը որևէ բան չասաց, ուղղակի փորձում է ցույց տալ՝ ինչ ասել է բյուջե, իբրև թե փորձում է ժողովրդի հետ ժողովրդի լեզվով խոսել, բայց ժողովրդի հետ պետք է խոսել հարգալից, իսկ հարգանքը պահանջում էր ներկայացնել՝ որոնք են կառավարության գալիք ֆինանսական տարում առաջնահերթությունները: Դպրոցական երեխաները, ում մակարդակի ելույթ էր այս ելույթը, իրեն չեն լսում: Իրեն լսում են այն մարդիկ, ովքեր փորձում էին հասկանալ՝ վերջ ի վերջո կառավարությունը 25 թվականի ֆինանսական տարում ինչ թիրախներ է իրա առաջ դրել ու ինչ քաղաքական առաջնահերթություններ ունի», - ասաց Խաչատրյանը:

Իսկ 2025 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ այս տարին Հայաստանը կփակի շուրջ 5,8 տոկոս տնտեսական աճով, հաջորդ տարի աճը կլինի 5,6 տոկոս՝ հետագա երկու տարիներին՝ միջինում 5,5 տոկոս:

Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարության խոստացած միջինում 7 տոկոս աճն ապահովվելու է

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասում է՝ կառավարության խոստացած միջինում 7 տոկոս աճն ապահովվելու է, քանի որ նախորդ տարիներին աճն ավելի շատ է եղել:

«Ինչպես գիտեք, կառավարության ծրագրով գրված է, որ 21-26 թվականներին միջինում կապահովվի 7, եթե իրադարձություններն ավելի բարենպաստ լինեն, գուցե ավելի: Ես կարծում եմ, որ 5,6 տոկոս տնտեսական աճը շատ բարձր ցուցանիշ է, այն, ինչ որ մենք պլանավորել ենք 25 թվականին, որովհետև բազայի նման աճի դեպքերում, ինչպես տեղի է ունեցել վերջին 2-3 տարիների ընթացքում, ապահովել 5,6 տոկոս տնտեսական աճ, դա կլինի շատ լավ, իմ կարծիքով, բավականին բարձր ցուցանիշ», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի 2024-ի համեմատությամբ կավելանա մոտ 20 տոկոսով և կկազմի համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը, սոցիալական պաշտպանության ծախսերը կավելանան մոտ 14 տոկոսով, համախառն արդյունքի 8.2 տոկոսը կկազմեն, իսկ կրթությանը կուղղվի համախառն ներքին արդյունքի 2.7 տոկոսը:

XS
SM
MD
LG