Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Գերմանիայի Հեսսենի երկրամասի խորհրդարանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ 2018 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Փաշինյանն առաջ է մղել ժողովրդավարական բարեփոխումները և Հայաստանը մոտեցրել Եվրամիությանը։
Պաշտոնական կայէջքում նշված է, որ 51-ամյա նախկին լրագրողը մրցանակի է արժանանում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր քաղաքականության համար։ Հիշատակվում է, որ 2025 թվականի օգոստոսին երկու երկրները ԱՄՆ միջնորդությամբ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։
Մրցանակի հոգաբարձուների խորհրդի գնահատմամբ՝ Փաշինյանը ռազմական սրման փոխարեն նախընտրում է դիվանագիտությունն ու քաղաքական բանակցությունները։
Փաշինյան․ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը
Մրցանակը ստանալուց հետո՝ իր ելույթում Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագա:
«Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ», - նշել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընդգծելով, որ նա ևս հավասարապես արժանի է այս մրցանակին։
«Խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն, անշուշտ, կատարյալ չէ։ Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մարդասիրական, որոնք անհանգստացնում են մեր հասարակություններին։ Անհետ կորած անձինք, կալանավորվածները, ականազերծումը…սրանք այն հարցերն են, որոնց լուծումը կպահանջի հետագա ջանքեր և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։ Եվ ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ կլուծենք այս բոլոր խնդիրները», - նշել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, Գերմանիային և մյուս անդամ պետություններին՝ «մեր ժողովրդավարական դիմակայունությանը երկարատև աջակցություն ցուցաբերելու համար». «Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այժմ գտնվում են պատմական ամենաբարձր կետում՝ ռազմավարական գործընկերության մեջ, և մենք դեռևս ուսումնասիրում ենք հետագա հնարավորությունները»։
«Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան Խաղաղության մրցանակին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Շնորհակալ եմ գնահատանքի համար», - արարողությունից հետո «Ֆեյսբուքում» գրել է Հայաստանի վարչապետը:
Անցած տարի մրցանակը ստացել էր կոլումբիացի բնապահպան ակտիվիստ Ջանի Սիլվան։ Մրցանակի նախկին դափնեկիրների թվում են Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացի մասնակից Ջոն Հյումը, ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա Սադակո Օգատան, ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Դալայ Լաման և այլ հայտնի անձինք։