Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյանի վերադարձը. գործուղում Ամերիկա և «Կրթվելը նորաձև է»-ի երկրորդ փուլ

Աննա Հակոբյանը, որ չորս ամիս առաջ ազդարարեց Նիկոլ Փաշինյանից բաժանվելու, կառավարական ամառանոցը լքելու մասին, ընտրություններից հետո վարչապետի տիկնոջ կարգավիճակով, վարչապետի որոշմամբ, գործուղվում է Նյու Յորք: Հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը Նյու Յորքում մասնակցելու է առաջին տիկնանց համաշխարհային չորրորդ ամենամյա միջոցառմանը:

Առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցող Աննա Հակոբյանը, թե երբ վարձով տնից վերադարձավ կառավարական ամառանոց ու ակտիվացավ որպես վարչապետի տիկին, ժողովրդին այս մասին դեռ չի պատմել: Վարչապետն էր լրագրողներին ասել, որ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրել. «Նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»:

Հակոբյանը երեկ ազդարարեց իր «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մասին. «Մենք այսօր քննարկելու ենք և կհաստատենք «Կրթվելը նորաձև է» համապետական շարժման ռազմավարական պլաները 2026-2030 թվականների համար»:

Մինչև ընտրությունները Աննա Հակոբյանը Փաշինյանի ու ՔՊ-ականների հետ մեկ անգամ Գյումրում երևաց, մեկ անգամ էլ ասուլիս հրավիրեց: Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ չէր շրջում, տեսանյութեր էր հրապարակում իր երևանյան զբոսանքներից:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հակոբյանը կառավարական ամառանոցը լքելու մասին պատմելիս չէր բացառել, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել որպես այդ կառույցի տնօրեն:

«Իմ քայլը» հիմնադրամը ընտրություններից ամիսներ առաջ բարեգործական ծրագրեր էր անում, ընդդիմադիրները ահազանգում էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտման մասին, բայց Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամը կանգ չառավ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարեց՝ ուսումնասիրում են, հետո էլ թե՝ որևէ վարույթ հարուցելու հիմքեր չեն գտել:

Խախտումների մասին ահազանգել ու դատարան է դիմել «Անկախ դիտորդ» դաշինքը: Դաշինքում համարում են, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացվում են իշխող քաղաքական ուժի հետ, և այդ դեպքում նախընտրական շրջանում բարեգործությունը օրենքի խախտում է: Պահանջում են վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին:

«Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ շուրջ 15 հայց են ներկայացրել: Դատարանը օրեր առաջ վարույթ է ընդունել, նիստերը կսկսվեն աշնանը:

Աննա Հակոբյանը դեռ ապրիլին էր հայտարարել, որ փաստաբանների հետ քննարկում է «Անկախ դիտորդի» դեմ հակընդդեմ դատական հայց ներկայացնելու ու Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու հաղորդման հնարավորությունը՝ իր ղեկավարած հիմնադրամի գործարար համբավին հասցրած վնասը հատուցելու պահանջով:

Արդյոք դիմե՞լ են դատարան: Դանիել Իոաննիյսանն ասաց՝ որևէ հայցադիմումի մասին տեղեկություն չեն ստացել: Հիմնադրամից չհաջողվեց ճշտել, մեր զանգերին չպատասխանեցին:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG