Մատչելիության հղումներ

Փաշինյանի հայտարարությունից հետո ձերբակալել են ԱԱԾ նախկին սպային. փաստաբան


Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Գասպարյանը վարչապետի դեմ տարիներ առաջ կազմակերպված ցույցերի դեպքով ձերբակալվել է: Գիշերը դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել:

Արամ Գասպարյանը, որ շուրջ 20 տարի Ազգային անվտանգության ծառայությունում է աշխատել ու հայտնի է «Չիկո» ծածկանունով, մեղադրվում է չորս տարվա վաղեմության գործով՝ 2021-ին Սյունիքում Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցերի:

«Այնպես չէ, որ վերջին օրերին ինչ-որ նոր տեղեկություն էին ձեռք բերել, որով անձը իդենտիֆիկացվում էր որպես ենթադրյալ հանցանք կատարած անձ», - ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Արամ Գասպարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հրաժարվեց այսօր այս գործից խոսել, «Ազատությանը» մանրամանսեր պատմեց Ռուբեն Մելիքյանը, որ երեկ դատարանում է եղել: Ըստ Մելիքյանի՝ երկու մեղադրանք են առաջադրել, մեկը՝ վարչապետի շարասյունը վնասելու գործողությունների կազմակերպման համար, ձվեր էին նետել մեքենաների ուղղությամբ: Մյուսը խուլիգանություն կազմակերպելու մեղադրանք է:

Արամ Գասպարյանը, որ այդ ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում դեպարտամենտի ղեկավար է աշխատել, ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այդ դեպքերին չի մասնակցել. «Այս մեղադրանքն ինքնին տարօրինակ է»:

Արամ Գասպարյանը նախկինում մեկ տարի յոթ ամիս բանտում է եղել ընտրական խախտման հետ կապված քրեական գործով: Թե ինչու են նրան հիշել Սյունիքի հայտնի դեպքերով, Քննչական կոմիտեից պարզել չհաջողվեց: «Ազատության» զանգերին չպատասխանեցին:

Երեկ դատարանի մոտ է եղել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Թե պատգամավորը, թե փաստաբան Մելիքյանը կասկածներ ունեն, որ այս հանկարծակի զարգացումները պայմանավորված են վարչապետի՝ օրերս արած հայտարարությամբ: Չորեքշաբթի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով դատական համակարգում կառավարության ազդեցությունից՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, թե չեն միջամտում քրեական գործերին, նաև Սյունիքի այս գործն էր հիշեցրել:

«Մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք պատկերացնենք քննչական մարմնի ղեկավարի վիճակը, որը հրապարակային աղբյուրից տեղեկանում է, որ վարչապետը դժգոհություն է հայտնել իր կամ իր ենթակայի վարույթում գտնվող ինչ-որ քրեական վարույթից: Միանգամից մտավախություն է առաջանում, որ ինքը նույնպես կարող է sms ստանալ: Հետևություն՝ առանց դատավարական հիմքերի մարդուն հանում են կալանքի», - նկատեց Ռուբեն Մելիքյանը:

Արդյոք այս մեղադրանքները հիմնավոր են, և ինչ կապ ունեն Փաշինյանի խոսքերը քրեական գործով զարգացումների հետ: Իշխող խմբակցության դիրքորոշումը ճշտել չհաջողվեց: Խմբակցության ղեկավարը, քարտուղարն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չպատասխանեցին մեր զանգերին:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG