Մատչելիության հղումներ

Բաքուն, ըստ Փաշինյանի, 30 տարվա վրեժն է լուծում. Ընդդիմությունից ասում են՝ Ալիևով է վախեցնում


Նախօրեին Հանքավանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը տարակուսանք է առաջացրել ընդդիմության շրջանում։

Վարչապետի հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանին չի թողնելու հանգիստ ապրել և փորձելու է վրեժ լուծել նախորդ 30 տարիների համար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ, ցույց է տալիս, որ Փաշինյանը ստեղծված իրավիճակում բացի զիջումների գնալուց որևէ լուծում չունի։

«Ինքն ասում է՝ Ադրբեջանն ասում է՝ մեզ տանջել եք, հիմա մենք ենք ձեզ տանջում, ի՞նչ ելք է առաջարկում Փաշինյանը, ոչ մի, այսինքն, մարդը ստեղծված իրավիճակում չունի լուծում, բա ի՞նչ է անում: Իրա առաջարկած կոնցեպտը հետևյալն է՝ հրաժարվենք, բոլոր հարցերում զիջենք թուրքերին, որ կռիվ չլինի, դե եթե կռիվ էլ լինի, դուք էլ չեք ուզում տառապենք, երկիրը փակենք, բանալին տանք Թուրքերին գնանք կամ դառնանք Թուրքիայի վիլայեթ, - ասաց Խաչատրյանը և նշեց, - մենք պայքարելու ռեսուրս ունեինք ու պայքարում էինք բավականաչափ հաջող, ինքն է խոստովանել, որ Ալիևն ասել է իրեն՝ 30 տարի դուք էիք մեզ ձգած պահում.... հենց նրանով, որ Ալիևն էր քեզնից հաշտություն խնդրում, ոչ թե սրա նման ծնկաչոք ասում՝ լավ էլի, մեզ մի խփի»:

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևը խաղաղության չի գնում։ Իսկ Ալիևի խոսքերը մեջ բերելով, ըստ Մամիջանյանի, Փաշինյանը փորձում է վախեցնել հայ ժողովրդին։

«Նիկոլ Փաշինյանն ունի երկրագնդի վրա մենակ իր երեսփոխանների աջակցությունը, որոնց հավաքել էր Հանքավանում, ունի Ալիևի աջակցությունը, ունի էրդողանի աջակցությունը, մի հատվածի հետ հանդիպելուց մյուսի ասածը մեջբերում է, որպեսզի հայ ժողովրդին վախեցնի Ալիևով: Ես չեմ հասկանում՝ արդյո՞ք էդ վարչապետի աթոռն էդքան քաղցր է, որ էնքան իջնես, որ սեփական ժողովրդին ինքդ վախեցնես Ալիևի ասածով զուտ աթոռը պաշտպանելու համար», - ասաց Մամիջանյանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի ներկայացուցիչը հակադարձելով Փաշինյանին, ընդգծում է՝ Հայաստանը երբեք որևէ մեկին չի տանջել. - «Մենք ընդամենը ապահով ենք մեր հայրենակիցների ազատ, անկախ, ինքնիշխան գոյությունը, ապահովել ենք մեր հայրենակիցների անվտանգ գոյությունն Արցախում»:

«Փաշինյանն իր հայտարարությամբ պարզապես ոչնչացնում է պետականության գաղափարը»

Փաշինյանը Ադրբեջանից հնչող սպառնալիքներից բացի, կուսակիցների հետ հանդիպմանն անդրադարձել էր նաև Բագրատ սրբազանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը՝ շեշտելով, թե այն տապալվեց, քանի որ ժողովուրդն ընդունում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

«Հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում ու ընկալվում է ժողովրդի կողմից», - նշել է նա:

Ապա Փաշինյանը տվեց իրական Հայաստանի բանաձևը. - «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ երբ ժողովուրդն ասում է՝ չենք ուզում այլևս տառապել, մաքառել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել: Այսինքն՝ ոչ թե ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պետք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դեպի վերև կամ դեպի ներքև, կարո՞ղ եք ստեղծել միջավայր, որ պարզապես երեխաներ ունենք, երեխաները երջանիկ լինեն»:

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր այս հայտարարությամբ պարզապես ոչնչացնում է պետականության գաղափարը։

«Փաշինյանն ասում է Кот Леопольд-ի նման՝ եկեք իրար հետ խաղաղ ապրենք, ե՞րբ ենք խաղաղ ապրելու, ե՞րբ ենք դադարելու մարտնչել, աշխարհում չկա մի երկիր, որը չունի բանակ, որը չի պայքարում իր իրավունքների համար: Նույն էդ Кот Леопольд-ը սկսեց խաղաղ ապրել, երբ էդ մկների ականջները ձգեց: Հիմա տենց ա, որպեսզի կարողանաս քո երկրում ապրես, պետք է ունակ լինես քո երկրի սահմանները պաշտպանես քո թշնամիներից, ինքը ասում է՝ չէ, ինչքան պետք է մարտնչենք, ինքը դրանով պետականության գաղափարը ոչնչացնում է», - նշեց Խաչատրյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ Փաշինյանի այսպես կոչված «Նոր Հայաստանի» գաղափարախոսությամբ կեղծ հակադրություն է ստեղծում, թե իբր լավ ապրելու համար պետք է հրաժարվել անվտանգությունից։

«Այսինքն՝ որպեսզի լավ ապրես, երեխաներ ունենաս, երջանիկ լինես, պիտի հրաժարվես խաչից, կրոնից, հողից, զոհերից և այլն, բացարձակապես, ես շատ խնդրում եմ մեզ լսող քաղաքացիներին ուղղակի մտովի տեղափոխվել մի 8 տարի առաջ՝ երեխաներ չէ՞ին ունենում, հանգիստ չէի՞ն ապրում, անվտանգ չէ՞ր, Արցախ չէի՞նք գնում», - ասաց Մամիջանյանը:

Ի դեպ, Տավուշում հատվածական սահմանազատումից հետո Ադրբեջանը սկսել է Հայաստանին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ, պաշտոնական Երևանն իր հերթին հերքելով Բաքվի այս պնդումները, չի բացառել, որ Ադրբեջանը նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ից հետո կարող է դիմել ռազմական ագրեսիայի։

Կողմերն արդեն ավելի քան երկու տարի է բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ, Բաքուն այժմ էլ խաղաղության պարտադիր պայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG