Վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում: Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառմանը լրագրողների մուտքը փակ է: Համաժողովին մասնակցում են տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների աշխատակիցներ:
Դատելով Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր, խորհրդարանի Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի տարածած կարճ տեսանյութից, վարչապետը պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:
«Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ», - համաժողովում ասել է Փաշինյանը:
Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողովին ներկա էին երկրի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետերը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և այլք:
Տարածված կադրերից երևում է, որ Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր: «Ազատությանը» Մարզահամերգային համալիրի տնօրենը տեղեկացրեց, որ այսօրվա միջոցառումը նախատեսված էր 7.5 հազար մասնակցի համար: