Մատչելիության հղումներ

Փաշինյան. 44-օրյա պատերազմը կանխող զիջումները կհանգեցնեին Հայաստանի անկախության կորստի

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հինգ տարի անց նոր բացատրություն է ներկայացնում. ինքը պատերազմը կանխող զիջումների չգնաց, որովհետև դա կարող էր հանգեցնել Հայաստանի կորստի:

«Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի», - ասված է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ վարչապետի ուղերձում:

«Հայաստանը պետք է պարտվեր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորեր»

Արդյոք սա չի՞ նշանակում, որ Փաշինյանը կանխամտածված կերպով երկիրը տարավ պատերազմի ու պարտության, և իր նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում, եթե ոչ, ապա ի՞նչ, ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին է արձագանքել ընդդիմադիրներից Արթուր Խաչատրյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

«Այսինքն՝ ինքը գիտակցաբար չկանխեց պատերազմը, որի արդյունքում մենք հազարավոր զոհեր ունեցանք, կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, կորցրեցինք Հայաստանի տարածքի մի հատված ու Ադրբեջանին միջանցք խոստացանք․․․․ Փաստորեն, ըստ Փաշինյանի, «Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու» միակ տարբերակը պատերազմն, ավերն ու հազարավոր մարդկային կյանքերն էին», - գրում է դաշնակցական պատգամավորը:

Հայաստանը պետք է պարտվեր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորեր», եզրակացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

«Մենք աշխարհի համար դառնում ենք իրական ու հետաքրքիր գործընկեր»

Վարչապետն ինքը 44-օրյայից զիջումներով չխուսափելու արդյունքն է համարում խաղաղությունն՝ Ադրբեջանի, երկխոսությունը՝ Թուրքիայի հետ: «Մենք աշխարհի համար դառնում ենք իրական ու հետաքրքիր գործընկեր», - այս մտքերը Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ Փաշինյանի ուղերձից են:

Վարչապետի օգոստոսքսաներեքյան տեքստերը նույն՝ Հայաստանի Անկախության հռչակագրի վերաբերյալ տարեցտարի փոփոխվում են, սկզբում Փաշինյանն իր պատմական պարտքն ու առաքելությունն էր համարում մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն, վերջին երկու տարիներին հռչակագրի իղձերը կոնֆլիկտային են: Այսօրվա հոբելյանական՝ հռչակագրի 35-ամյակի ուղերձում Փաշինյանը շեշտում է՝ խորհրդային հայրենասիրության մոդելն է հռչակագրում. այն կաթիլ-կաթիլ սերմանել են, նպատակն, ըստ վարչապետի, «այդ սոցիալ-հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել»։

Եվ վարչապետի պաշտոնն ստանձնելուց ու շատ բաների տեղեկանալուց ու վերլուծելուց հետո Փաշինյանը համոզվեց՝ Ղարաբաղյան շարժումը շարունակել պետք չէ , որովհետև դա նշանակում է Հայաստանի անկախության վերացում։ Հանուն իրական անկախության զիջումների չգնաց 44-օրյայից առաջ: Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ «դժոխային փորձությունների միջով հասել ենք անհավանական թվացող հանգրվանի»:

«Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է, և այն պետք է ամենօրյա խնամքի և հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ»։

«Ուղերձը ոչ թե Հայաստանին է ուղղված, այլ՝ Ադրբեջանին»

Վարչապետի ուղերձը ոչ թե Հայաստանին է ուղղված, այլ՝ Ադրբեջանին, համոզված է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Ուղերձի նպատակը՝ ցույց տալ, որ ներկայիս իշխանությունը գնում է այն եղած 35 տարվա ընթացքի պայմաններում առավել ամուր քայլերով, իրակա՛ն Հայաստանի նպատակներով՝ դեն նետելով ամբողջ իրական Հայաստանի անցյալը: Էսօրվա հռչակագրին անդրադարձը վարչապետի ուղղված է ոչ թե Հայաստանին, ուղղված է, իմ խորը համոզմամբ, բացառապես Ադրբեջանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խառատյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան, արխիվ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյան, արխիվ

Ըստ ազգագրագետի՝ Փաշինյանն ուզում է խաղաղեցնել հարևանին, Բաքուն, սակայն, առայժմ նման նշաններ ցույց չի տալիս: Օրեր առաջ Ալիևը Քարվաճառում մեր «սրիկայությունից» ու իրենց «մարդասիրությունից» էր խոսում, հիշեցնում է Խառատյանը. - «Ի՛նչ է նշանակում Ղարաբաղյան շարժում: Օրինակ՝ էսօրվա փախստականների՝ վերջին հենց 23 թվի սեպտեմբերի, [...] փախստականները և նրանց հետ կապված ամբողջ գործընթացը՝ դա Ղարաբաղյան շարժո՞ւմ է, թե՞ շարժում չի: Ես վերցնում եմ ամենաչեզոքը, ամենահասարակը: Էսօր, երբ որ Ադրբեջանը խոսում է Հայաստանից փախստականների մասին, դա Ղարաբաղյան շարժում է՞, թե՞ շարժում չի»:

Ազգագրագետը շատ կուզենար հենց վարչապետից լսել՝ ի՞նչ նկատի ունի Ղարաբաղյան շարժում ասելով, ի՞նչը հատկապես չի շարունակելու: Խառատյանն ինքը ունի ենթադրություն. - «Ես ենթադրություն ունեմ, որ հենց էդ Ղարաբաղ, Արցախ բառերը չասվի, չասվի, ընդհանրապես չասվի»:

Ավելի ինքնիշխա՞ն ենք, քան երբևէ: Ոչ, ըստ Խառատյանի. - «Եթե մենք ինքնիշխան լինեինք, մեր խնդիրները չէինք վազի լուծելու տիզբոններում, այսինքն՝ վաշինգտոններում, չգիտեմ, մոսկվաներում, փարիզներում և այլն: Բնականաբար ոչ»:

Խաղաղություն չի՞ հաստատվել: Ոչ, պնդում է. - «Այսօր խաղա՞ղ է: Այսօր մենք անընդհատ մազից կախված խաղաղ ենք, և այդ խաղաղությունը հազար ու մի այլ՝ մեզնից կախված և մեզնից ոչ կախված խնդիրների հետ է կապվում: Եվ բացի այդ, ցավոք սրտի, մեր երկրի ներսում բոլորովին խաղաղ չի»:

Տեքստն, այնուամենայնիվ, ավարտվում է շնորհավորանքով

35 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվավեց Հայաստանի Հանրապետություն:

Հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը ուղերձում չի շնորհավորում: Բայց տեքստն, այնուամենայնիվ, ավարտվում է շնորհավորանքով. - «2025 թվականի օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը», -եզրափակում է վարչապետը, բոլորիս շնորհավորում այս առիթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG