Փարաքարում այսօր մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Նախօրեին Փարաքարի ավագանու իշխող դաշինքն Արևաշատ գյուղի նոր մանկապարտեզն էր բացում կամ ինչպես համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն ասաց՝ արևաշատցիների երազանքն էին իրականացնում:
«Մանկապարտեզը երեք տարվա վաղեմի երազանք էր իմ համար, որովհետև 30 տարի էդ երազանքը եղել է արևաշատցու համար», - ասաց Գյուլնազարյանը:
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ գյուղի բնակիչների տասնամյակների երազանքի՝ միակ մանկապարտեզի կարմիր ժապավենը քարոզարշավի նախօրեին կտրեցին:
«Մեր գործընկերները չեն եկել նիստերին, բյուջե չի հատկացվել, դրա պատճառով օր-օր հետաձգվել է արևաշատցու երազանքն իրականություն դարձնելը», - ասաց Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Արմավիրի մարզպետն էլ էր գյուղի մանկապարտեզի բացմանը եկել ու հետաքրքիր զուգադիպություն համարեց իշխող ուժի կազմակերպած միջոցառումը քարոզարշավից ժամեր առաջ։
«Ուղղակի նախընտրական շրջանում հետաքրքիր համընկնում է տեղի ունեցել», - ասաց Արգիշտի Մեխակյանը։
Արևաշատը Փարաքարի միավորված համայնքի գյուղերից մեկն է: Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է, որ սկանդալային պատմության պատճառով հրաժարական տվեց երկու ամիս առաջ:
Փարաքարի ավագանու արտահերթ ընտրություններին 4 քաղաքական ուժ է մասնակցում: Գործող ավագանու իշխող դաշինքը երկու թիմով է պայքարում: ՔՊ-ի ցուցակի առաջին համարը համայնքապետի պաշտոնակատարն է: Իսկ ՔՊ-ի հետ համագործակցած Դավիթ Մինասյանն «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակն է գլխավորում:
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը՝ Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիրը», մասնակցում է «Միասնություն» դաշինքով: Փարաքարի հայամնքապետի համար պայքարողներից չորրորդն էլ «Կայունություն» կուսակցությունն է:
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը վստահ է՝ այս անգամ իրենց հաջողվելու է հաղթել. - «Փարաքար համայնքը ռեկորդ էր սահմանել ավագանու նիստեր չանելու մասով: Փաստացի ձևավորվել էր, այսպես կոչված, իշխանություն, բայց իրենք իրենց ձևավորած իշխանությունով նիստեր չէին անում»:
2021-ի ընտրություններում այստեղ ամենաշատ ձայնը ստացել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը: Նիկոլ Փաշինյանի թիմը բավարար ձայներ չէր հավաքել, միացավ «Դավիթ Մինասյան դաշինքին», որոշեցին հերթով կառավարել: Երկուսուկես տարի Մինասյանը ղեկավարեց, ապա աթոռը փոխանցեց իշխանական Լյուդվիգ Գյուլնազարյանին, որը հինգ ամիս ձգեց: Երկու թեկնածուն էլ պաշտոնից հեռացան քրեական գործերով: Գյուլնազարյանը սպանության վայրում էր եղել ու վիրավորվել, նա այս դեպքի պատճառով էլ հրաժարական տվեց, հետո Քննչականը նրան տուժող ճանաչեց:
«Ես համոզված եմ, որ իմ քաղաքական թիմն իմ գլխավորությամբ, որպես առաջին համար, ունենալու ենք 51 և ավելի տոկոս ձայններ, էդ կոալիցիայի դառը պտուղները մեր ժողովուրդը ճաշակել է», - ասաց Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Փարաքարի ու Գյումրիի ընտրողներին վարչապետ Փաշինյանը կրկին խոստանում է հետ բերել նախկինների թալանը: Օրեր առաջ Գյումրիում ելույթ ունեցավ, բացատրեց, թե ինչու իշխանության յոթ տարվա ընթացքում չհաջողվեց խոստումը կատարել։
«Արդյո՞ք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե՞ այնուամենայնիվ մենք գնացել ենք կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է և մենք հետքայլեր ենք արել։ Ես կարող եմ միանշանակ ասել՝ ոչ։ Մեր կամքը ոչ միայն չի նվազել, մեր կամքը դարձել է պետական ինստիտուտ», - հայտարարեց վարչապետը:
44-օրյա պատերազմից, զոհերից, Արցախի հայաթափումից ու կորստից հետո Նիկոլ Փաշինյանը նորից ընդդիմադիր ժամանակների տեքստերն է հիշել, բայց դրանք այլևս չեն աշխատի, ասում է ընդդիամդիր Մեսրոպ Առաքելյանը:
«Վստահ եմ, որ հանրության ճնշող մեծամասնություն այլևս չի հավատում այս ամենին: Եթե, լավ, անվտանգային, արտաքին քաղաքական մասով նախկիններն էին մեղավոր, ռուսներին էին մեղավոր, բոլորը մեղավոր էին Արցախի համար, բա թալանը վերադարձնելուց ո՞վ է մեղավոր, ձեր դատախազների, ձեր դատավորների, որոնք բոլորն արդեն ամբողջովին իշխանության վերահսկողության ներքո են, դրանց ձեռքերն ո՞վ է բռնում», - նշեց Առաքելյանը:
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը համոզված է այս տեքստերն էլ գործող իշխանությանը չեն օգնելու, Գյումրիում ու Փարաքարում պարտվելու են ինչպես նախորդ ընտրություններին:
Երկու համայնքում էլ ընտրությունները մարտի 30-ին են: