Դոհայում կայացած խաղաղության բանակցությունների ժամանակ՝ Աֆղանստանը և Պակիստանը անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության են եկել: Սահմանային կատաղի բախումներից հետո՝ այս մասին երկու կողմերն էլ հայտարարել են:
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը նշել է, որ երկու կողմերը հոկտեմբերի 25-ին Ստամբուլում կրկին կհանդիպեն՝ քննարկելու «մանրամասն հարցեր»:
Թալիբանի խոսնակն իր հայտարարության մեջ նշել է, որ կողմերը լիարժեք հրադադարի շուրջ համաձայնության են եկել:
Քաթարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հետագա հանդիպումները նպատակ ունեն «ապահովելու հրադադարի կայունությունը»:
Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ: