Մատչելիության հղումներ

Ովքեր են Թուրքիային արտահանձնված անձինք, Անկարայի արձագանքը Երևանին


Սքրինշոթ տեսանյութից, որտեղ թուրք ոստիկանները ուղեկցում են Հայաստանի կողմից արտահանձնված անձանց
Սքրինշոթ տեսանյութից, որտեղ թուրք ոստիկանները ուղեկցում են Հայաստանի կողմից արտահանձնված անձանց

Թուրքիայի ոստիկանությանը պատկանող օդանավով Երևանից Անկարա են տեղափոխվել Ինտերպոլով տևական ժամանակ հետախուզվող հանցավոր խմբի անդամներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հայկական կողմնը հետախուզվող անձանց երեկ արտահանձնել է թուրքական կողմին՝ արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին։ Այլ մանրամասներ, սակայն, արտաքին քաղաքական գերատեսչությունից չեն հայտնում։

Արտահանձնմանն արձագանքել է Երևանի հետ տասնամյակներով դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրի Արտգործնախարարությունը. պաշտոնական Անկարան շեշտում է՝ բարձր է գնահատում Հայաստանի համագործակցությունը։

«Կարծում եմ, որ սա այն քայլը չէ, որը կարող է հիմք հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար», - նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը։

Թուրքագետն, այնուամենայնիվ, կարևորում է նման համագործակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Երևանի ու Անկարայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը 2021-ից սկսած մի քանի հանդիպում են ունեցել, անգամ պայմանավորվել ամենասեղմ ժամկետներում հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Սակայն, մինչ այս պահը պայմանավորվածությունն այդպես էլ կյանքի չի կոչվել։ Թուրքիան պաշտպանում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, հայ - թուրքական կարգավորումը պայմանավորում հայ - ադրբեջանականով:

«Այս տիպի քայլերը կարևոր են, ըստ էության, փոխադարձ ինչ-որ մթնոլորտի ձևավորման համար: Այսինքն՝ հարցերի, խնդիրների շրջանակ, որտեղ կողմերը միմյանց կարիքն ունեն ու ի վերջո աշխատանքային ինչ-որ մթնոլորտի ձևավորում, որը կարող է լինել հարաբերությունների հաստատման պայմաններից մեկը», - ասաց Մինասյանը:

Ովքեր են արտահանձնված անձինք

Երեկ արտահանձնվածների մասին որոշ մանրամասներ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է ներկայացրել։ Ըստ գերատեսչության՝ Էրջան Յըլմազը հետախուզման մեջ է եղել 15 տարի, նրան ձերբակալելու ավելի քան 40, իսկ 6 տարի հետախուզման մեջ գտնվող Քայմակին 10 օրդեր է ներկայացված եղել։ Ըստ թուրք իրավապահների՝ Յըլմազը հանցավոր կազմակերպության առաջնորդ է, իսկ Քայմակը՝ կազմակերպության անդամ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար պարոն Տիգրան Դադունցին, մեր Արդարադատության և Արտաքին գործերի նախարարություններին, մեր Ինտերպոլ-Եվրոպոլի դեպարտամենտին, Մաքսանենգության և կազմակերպված հանցավորության և հետախուզության դեմ պայքարի վարչության և Օրդու նահանգի հետ համագործակցության համար», - հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Թուրքական մամուլը գրում է, որ Յըլմազի ղեկավարած հանցավոր խումբը զենքի սպառնալիքով գումար է կորզել մարդկանցից, մոտոցիկլետներով զինված հարձակումներ է գործել գործարարների դեմ, որոնք չեն ընդունել կազմակերպությանը գումար փոխանցելու սպառնալիքները:

Յըլմազն ու Քայմակը, ըստ թուրքական աղբյուրների, առնչություն ունեն մեկ այլ՝ «Բարիշ Բոյուն» հանցավոր կազմակերպության հետ։ «Բարիշ Բոյուն» հանցավոր խումբը մեղադրվում է սպանությունների, թմրանյութերի վաճառքի, զենքի մաքսանենգության ու ավազակության կազմակերպման համար։

Ոչ թուրքական, ոչ էլ հայկական կողմը չեն հստակեցնում՝ ե՞րբ և ինչպե՞ս են հանցավոր կազմակերպության անդամները Հայաստանում հայտնվել, օդայի՞ն, թե՞ ցամաքային սահմանով են եկել: Արդյոք նրանք առնչություն ունե՞ն դեկտեմբերի 11-ին հայ-թուրքական սահմանը խախտելու հավանական դեպքի հետ։

Ազգային անվտանգության ծառայությունն անցած տարեվերջին հայտնել է, որ տեղեկություն է ստացել հավանական սահմանախախտման մասին։ Գերատեսչությունը, սակայն, անցած շաբաթներին այդպես էլ չպարզաբանեց՝ արդյոք հաստատվել՞ է սահմանախախտման դեպքը, թե՝ ոչ, կա՞ն ձերբակալվածներ։ ԱԱԾ-ից այսօր հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

XS
SM
MD
LG