Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը որոշեց դաշինք կազմել հանրությանն անհայտ ուժերի հետ

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» այսօր դաշինք կազմեց հանրությանն անհայտ երկու ուժերի հետ:

«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին հուշագիրը Նարեկ Կարապետյանը ստորագրեց «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

«Նոր դարաշրջան» կուսակցությունը

Ովքե՞ր են այս ուժերը, և ինչո՞ւ միլիարդատեր գործարարն ամիսներ տևած բանակցություններից հետո որոշեց ընտրություններին մասնակցել վերջին տասնամյակում քաղաքական գործընթացներում գրեթե ակտիվություն չցուցաբերած ուժերի հետ: Հանրությանն անհայտ այս ուժերից նորաստեղծ «Նոր դարաշրջան» կուսակցության ղեկավար Հարություն Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ: Կուսակցության նախագահ է ընտրվել բառացիորեն մի քանի օր առաջ՝ խոսելով երկրում իրավական քաոսից և դատական անկախության կարևորությունից:

«Եվ քննչական, և դատախազական, և ողջ իրավապահ համակարգն այսօր իրավական քաոսի մեջ է գտնվում», - ասում է նա:

«Միավորված հայեր» կուսակցությունը

Սամվել Կարապետյանի ուժի հետ դաշինք կազմած մյուս կուսակցությունը հանրությանը գրեթե անհայտ, բայց մի քանի տասնամյակ առաջ ստեղծված «Միավորված հայեր» կուսակցությունն է, որի ղեկավարը 83-ամյա Ռուբեն Ավագյանն է: Հարկ է նկատել, որ «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինք կազմելու մասին հուշագիրն այսօր ստորագրել է ոչ թե «Միավորված հայեր» կուսակցության նախագահը, այլ՝ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը:
Ընդ որում, 39-ամյա տնտեսագետ-իրավաբան Նաիրի Սարգսյանն ընդհանրապես «Միավորված հայեր» կուսակցության անդամ չէ, այսինքն՝ կուսակցական չէ, ընդամենը համագործակցում է «Միավորված հայեր» կուսակցության հետ:

«Միավորված հայեր» կուսակցության հետ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն ունի հուշագիր, և «Միավորված հայեր» կուսակցության հետ մենք ունենք շատ երկարամյա համագործակցություն։ «Հայաստանը ես եմ»-ը նախաձեռնություն է, որի հետ գործընկեր է «Միավորված հայեր» կուսակցությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Հարցին, թե ո՞ր թվականից են համագործակցում «Միավորված հայեր» կուսակցության հետ, պատասխանեց. «Պաշտոնապես 2025 թվականից, իրականում շատ ավելի վաղ ժամանակահատվածից՝ երկու տարի առաջվանից երևի»:

Նաիրի Սարգսյանը, որը պարզապես համագործակցում է Սամվել Կարապետյանի հետ դե յուրե դաշինք կազմած «Միավորված հայերի» հետ, սուր քննադատում է վարչապետին: Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու և պարտադիր զինվորական ծառայությունը մեկուկես տարի դարձնելու կառավարության որոշումները ընտրակաշառք որակելով՝ Նաիրի Սարգսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու համար դիմելու է ընտրակեղծիքների:

«Ինչքան էլ որ ինքը կխոսի եթերներում, տարբեր հարթակներում և կասի, որ մենք թիրախավորում ենք 65 տոկոս, մենք հաղթելու ենք և այլն, ներքուստ գիտակցում է չէ՞, որ դա սուտ և կեղծիք է: Այս մարդը վաղ թե ուշ պետք է իշխանազրկվի, ընդ որում շատ մոտ ապագայում պետք է իշխանազրկվի», - ասել է նա:

Մենք պետք է նոր հնարավորություն տանք երիտասարդ և մեծ պոտենցիալով ուժերին. Նարեկ Կարապետյան


Ի դեպ, թեև «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր դաշինքի ստեղծման հուշագիրը ստորագրելուց խոսում էր նոր, երիտասարդ ուժերի մասին, «Միավորված հայեր» կուսակցությունը դեռևս 2016-ին ակտիվորեն համագործակցում էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ: Ավելին, այս ուժը ժամանակին հայտարարել էր Արթուր Բաղդասարյանի առաջնորդած «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ միաձուլվելու մասին: 2000 թվականից այս ուժը ղեկավարող Ռուբեն Ավագյանն անգամ 2003-ին մասնակցել է նախագահական ընտրություններին:

«Մենք պետք է նոր հնարավորություն տանք երիտասարդ և մեծ պոտենցիալով ուժերին», - նշեց Կարապետյանը՝ պնդելով, թե կուսակցությունների ընտրության հարցում հաշվի են առել արհեստավարժությունն ու մասնագիտական կարողությունները:

«Քաղաքական գործիչները պետք է չլինեն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ միայն, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանալ ոլորտները: Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը», - հավելեց նա:

Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են «պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, տնտեսական կայուն զարգացման և համերաշխության ապահովման սկզբունքների վրա»։

Կհաջողվի՞ նորաստեղծ դաշինքին հաղթել ընտրություններում, ավելին՝ մեծամասնություն կազմել և փորձել վարչապետ ընտրել Սամվել Կարապետյանին, ինչի մասին հայտարարում է «Ուժեղ Հայաստանը». Դաշինքի անդամներից Նաիրի Սարգսյանը կարծում է, որ այդ հարցի պատասխանը կախված է ընդդիմության աշխատանքից:

«Կհաջողվի, թե չի հաջողվի՝ կախված է մեր գործողություններից, ընդդիմության հավաքական աշխատանքից է կախված՝ երբ և ինչպես տեղի կունենա իշխանափոխությունը», - շեշտեց նա:

«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի մյուս անդամ, նորաստեղծ «Նոր դարաշրջան» կուսակցության ղեկավար և քաղաքականություն մի քանի օր առաջ ոտք դրած Հարություն Հարությունյանի հետ զրուցել չհաջողվեց. նա մեր զանգերը ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG