«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի քաղաքական ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատվել է ապրիլի 8-ին կայացած համագումարին:
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցող քաղաքական ուժի ցուցակում երկրորդ համարը փաստաբան, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանն է, երրորդը՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը, չորրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն է, հինգերորդում՝ իրավաբան Ռուբեն Մխիթարյանը: Ցուցակի առաջին տասնյակում է նաև Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը:
Փետրվարի 12-ին կուսակցությունը հայտարարել էր, որ իր վարչապետի թեկնածուն քաղաքական ուժի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն է: «Ուժեղ Հայաստանից» պարզաբանել էին, որ Նարեկ Կարապետյանը, որը Սամվել Կարապետյանի եղբորորդին է, անցումային ժամանակահատվածի համակարգողն է, երաշխավորը, որպեսզի ԱԺ-ն իրականացնի սահմանադրական փոփոխություն:
Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:
Իշխող ՔՊ-ի կողմից Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ, որն ընդունվեց, արգելվում է միլիարդատեր գործարարի առաջնորդած դաշինքին իր անվանման մեջ օգտագործել Սամվել Կարապետյան անունը:
Դեռևս մարտի 31-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ հանրությանն անհայտ երկու ուժի հետ դաշինք է կազմում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով: