Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններից պահանջում են Պապիկյանի հրաժարականը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում, արխիվ

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցություններից պահանջում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը:

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» Պապիկյանին մեղադրում են անցած շաբաթ Սյունիք ադրբեջանցի զինվորի ներթափանցման դեպքի օրերին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավով զբաղվելու մեջ: Պատգամավոր Արփի Դավոյանը, սակայն, հայտարարում է, որ նման պնդումները սուտ են:

Պաշտպանության նախարարի հրաժարականի անհրաժեշտություն տեսնում է նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն լրագրողների հետ ճեպազրույցում հեգնեց՝ Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա այն ժամանակ, երբ հրաժարական տա «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, ղեկավար Սամվել Կարապետյանը «վարչապետի պաշտոնից»: Նա հավելեց՝ հրաժարականի ոչ մի հիմք չի տեսնում:

Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում առաջարկել է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՔՊ-ն կմերժի քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:

Այս տարվա առաջին 9 ամիսներին բանակում խաղաղ պայմաններում ու ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 15 զինծառայող է մահացել:

Խորհրդարանում այս հարցերի շուրջ քննարկումն այսօր չափազանց լարված է անցնում, գոռգոռոցներից բացի նաև քաշքշուկ է տեղի ունեցել:



​
XS
SM
MD
LG