Ադրբեջանի համաձայնության դեպքում՝ կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում։ APA-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ուրալօղլուն ընդգծել է, որ եռակողմ հանդիպման անցկացումը կախված է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումից. «Մենք հաճախակի հանդիպում ենք Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Մենք նաև հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ: Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնությամբ: Եթե համաձայնություն տրվի, մենք լիովին պատրաստ ենք դրան, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի»:
Թուրք նախարարը ասել է նաև, որ «Զանգեզուրի միջանցքի նախապատրաստական աշխատանքները գտնվում են բարձր մակարդակում, և Ադրբեջանի հետ իրականացվել է լայնածավալ համակարգված աշխատանք»։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենի հանդիպումից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը հասցեագրված է՝ շեշտելով, որ այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն այլևս չի տեսնում: Մինչ այս էլ թեմային անդրադարձել են, քանի որ այն առնչվել է Հայաստանի պետական շահերին:
«Այդ թեման այլևս արդիական չէ։ Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով ու ամենահեղինակավոր միջազգային հարթակներում և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար. այդ հարցը, գոնե ինձ համար, արդեն չկա», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: