Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրավական ճանապարհով փորձում են վերականգնել խաղաղության պայմանագրի նախագծին ծանոթանալու հնարավորությունը՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել տեղեկատվության տրամադրման արգելքը:
Գործը վարչական դատարանում է: Փորձը փորձանք չէ, պետք է օգտագործել ցանկացած միջոց, ասաց խաղաղության պայմանագրին տեքստի հասանելիությունից զրկված Գեղամ Մանուկյանը. «Կմերժեն, կմերժեն, շարունակելու ենք նույն կռիվը: Մենք ցանկանում ենք ամբողջ պրոցեսին տեղյակ լինել, որպեսզի հասկանանք այն խութերը, որոնք կան, և որը իրականում, մի քանի փուլով մենք որ ծանոթանում էինք, անզեն աչքով երևում էին, այն բոլոր խութերը, որ այսօր իրականացնում է այս իշխանությունը»:
2023-ի ավարտին պատգամավորները հնարավորություն ստացան ծանոթանալ Ադրբեջանի հետ բանակցվող «հույժ գաղտնի» նշումով փաստաթղթին: Փոխանակվող նախագծի բուն բովանդակությունը պատգամավորները թեև չէին բացահայտել, բայց գնահատականներ էին տվել՝ պնդելով, թե բանակցվող փաստաթղթում հայկական շահերն արտացոլված չեն: Այս հայտարարություններից հետո վարչապետ Փաշինյանը նրանց արգելեց ծանոթանալ տեքստին, ապա ընդդիմադիրները համապատասխան գրություն Արտաքին գործերի նախարարությունից ստացան:
«Այնքան կարդացել եք, բավական է, երկար ժամանակ էլ չեք կարդա», - հայտարարել էր վարչապետը:
Բանակցվող տեքստին հասանելիությունից պատգամավորները զրկված են արդեն մեկ տարի, այս ընթացքում ընդդիմադիրները պարբերաբար ընդգծում էին՝ իրենք գաղտնիությունը չեն խախտել, այս դեպքում հենց կառավարություն է օրենք խախտել՝ նման արգելք դնելով:
«Ի վերջո, կա օրենք, ի վերջո, մենք ունենք իրավունք՝ ծանոթանալու փաստաթղթին և նաև ուզում ենք ցույց տալ հանրությանը 2018թ. օգոտոսի 17-ի Նիկոլ Փաշինյանի և այսօրվա Նիկոլ Փաշինյանի ամբողջ խայտառակ տրանսֆորմացիան», - ասաց Գեղամ Մանուկյանը:
Վարչական դատարանում բանակցվող նախագծին ծանոթանալու հնարավարությունը պահանջում են վերականգնել «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը:
Այսօր նախնական նիստն էր, կողմերը ներկայացան, ներկայացրին իրենց դիրքորոշումը, գործը մտնում է դատավարության հիմնական փուլ: