Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Փարիզում երեկ մեկնարկած եռօրյա բանակցությունների շրջանակում մի շարք հանդիպումներ են եղել՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երկրների պատվիրակների մասնակցությամբ: Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները եվրոպացիներին են ներկայացրել կարգավորման իրենց տարբերակը, որով առաջարկվում է հրաժարվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկելուց, մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ Ռուսաստանի գրաված տարածքները պետք է մնան Ռուսաստանի վերահսկողության տակ:
Ըստ լրատվամիջոցի՝ եվրոպացի առաջնորդները, սակայն, չեն համաձայնել գրավված տարածքները Ռուսաստանի տարածք ճանաչելուն և շեշտել են Ուկրաինային անվտանգության երաշիքներ տալու անհրաժեշտությունը:
Պաշտոնյաների հայտարարություններում ու հաղորդագրություններում նման մանրամասներ չկան: Երեկ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ երկու ժամ տևած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահն ասել է, որ բոլորն են խաղաղություն ցանկանում, և խոստացել է կրկնապատկել կարգավորման ջանքերը:
«Կարծում եմ, որ բոլորն են ուզում հասնել խաղաղության, անկասկած, ամուր և կայուն խաղաղության ... Եվ հիմա խնդիրը մեր մոտեցումը, քայլերի հաջորդականությունը որոշելն է՝ հասնելու արդյունքներին, որոնց ձգտում ենք», - հայտարարել է Էմանյուել Մակրոնը:
Ռուբիոն և Ուիթքոֆը բանակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Նրանց հետ հաջորդ հանդիպումը նախատեսվում է մյուս շաբաթ՝ Լոնդոնում: Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է՝ այս հանդիպումը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ամբողջական հրադադարի հասնել:
«Նորությունը նաև այն է, որ Փարիզում ԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացիները համախմբվել են նույն սեղանի շուրջ՝ քննարկելու հետագա քայլերը, որ բոլորս ցանկանում ենք ձեռնարկել Ուկրաինայում հնարավորինս արագ հրադադարի հասնելու համար», - հայտարարել է Ժան-Նոել Բարոն:
Իսկ հնարավո՞ր է հրադադար առաջիկայում: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջ Մոսկվայից պատասխան է ակնկալում։ «Մենք նրանցից պատասխան կստանանք այս շաբաթ, շատ շուտով, և կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, ասել է, որ չեն պատրաստվում ամիսներով բանակցել և կհրաժարվեն խաղաղության համաձայնագրի ջանքերից, եթե մոտ օրերս առաջընթաց չգրանցվի:
«Մենք պետք է հիմա շատ արագ որոշենք, և ես խոսում եմ մի քանի օրվա մասին, առաջիկա մի քանի շաբաթում հրադադարը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, մենք կշարունակենք ջանքերը: Եթե ոչ, ապա մենք այլ առաջնահերթություններ ունենք», - նշել է Ռուբիոն:
Կրեմլի խոսնակն ասել է, թե Ռուսաստանը հավատարիմ է խնդրի կարգավորմանը: Դմիտրի Պեսկովը, սակայն, նշել է, որ շփումները դժվար են ընթանում, և դեռ շատ բարդ քննարկումներ են սպասվում. - «Շարունակվող շփումները բավականին բարդ են, քանի որ, բնականաբար, Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեման հեշտ չէ: Ռուսաստանը բաց է երկխոսության համար»:
Փարիզում ուկրաինական պատվիրակությունը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ, իր հերթին, հանդիպել է Ուկրաինայի դաշնակից երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հրադադարին և Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցերը: Այս հանդիպումներին զուգահեռ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե ապացույցներ ունեն, որ Չինաստանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին:
«Հաջորդ շաբաթ կկարողանանք շատ մանրամասն խոսել այդ մասին, հատկապես այն տվյալների, որոնք վկայում են, որ Չինաստանի ներկայացուցիչները նաև Ռուսաստանի տարածքում են զբաղվում զենքի արտադրությամբ», - ասել է Վլադիմիր Զելենսկին:
Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է, թե երբևէ մահաբեր զենք է տրամադրել հակամարտող կողմերից որևէ մեկին:
Իսկ պատերազմող կողմերի հարվածները չեն դադարում: Այս գիշերը ռուսական զորքը բալիստիկ հրթիռներով հարվածել է Խարկովին, կա մեկ զոհ, 98 վիրավոր, վնասվել է 20 բազմաբնակարան շենք: Ռուսական կողմն, իր հերթին, հաղորդել է մի քանի շրջանում ուկրաինական անօդաչուների հարվածների մասին:
Ռուսաստանն այսօր Ուկրաինային է վերադարձրել տարբեր շրջաններում սպանված 909 զինծառայողի դի: Երեկվանից լրացել է էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու 30-օրյա ժամկետը: