Մատչելիության հղումներ

Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրի նոր մանրամասներ են հրապարակվել


ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ
ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Արևմտյան լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրի մասին՝ պնդելով, որ դրանում հիմնականում շարադրված են Ռուսաստանի նախկին պահանջները:

Axios-ը գրում է, թե նոր ծրագրով ԱՄՆ-ն առաջարկում է, որ Ուկրաինան Դոնեցկը և Լուգանսկը հանձնի Ռուսաստանին, որոնք կդառնան ապառազմականացված գոտի: Վաշինգտոնը խոստանում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ռուսական տարածք կճանաչեն Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը, սակայն Ուկրաինային չեն ստիպի անել նույնը: Զապորոժիեում և Խերսոնում առաջնագիծը կսառեցվի՝ Ռուսաստանի կողմից որոշ տարածքներ զիջելու հեռանկարով: Թե ինչ տարածքներ, չի նշվում: Ուկրաինան նաև պետք է կիսով չափ կրճատի բանակը:

Բոլոր զիջումների դիմաց Վաշինգտոնն անվտանգության երաշխիքներ է առաջարկում Ուկրաինային և Եվրոպային, թե կոնկրետ ինչ, հասկանալի չէ։ Սակայն Կիևը, ըստ Axios-ի, որևէ գրավոր առաջարկ չի ստացել և բազմաթիվ առարկություններ ունի:

Financial Times-ն էլ նշում է, որ ծրագրով պետք է արգելվի օտարերկրյա զորքերի տեղակայումն Ուկրաինայում, կրճատվի ԱՄՆ ռազմական օգնությունը, ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի Ուկրաինայում և օրինական ճանաչվի Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը:

Ըստ պարբերականի՝ ծրագրին ծանոթացած ուկրաինացի պաշտոնյաներն ասել են, որ ամերիկյան այս պլանը հիմնականում շարադրում է Մոսկվայի առավելապաշտական պահանջները և առանց էական փոփոխությունների անընդունելի է Կիևի համար։

Պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի դեպքում պարտադիր է ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը, Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ այսօր հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը:

«Մենք՝ եվրոպացիներս, միշտ աջակցել ենք երկարատև և արդար խաղաղությանը և ողջունում ենք դրան հասնելու ցանկացած ջանք։ Ցանկացած ծրագրի իրականացման համար, իհարկե, անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը։ Այնպես որ, սա շատ հստակ է», - ասել է Կալլասը:

Լեհաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն, իրենց հերթին, հայտարարել են, որ Ուկրաինան և Եվրոպան ևս պետք է մասնակցեն ծրագրի իրականացմանը, հատկապես որ Եվրոպայի անվտանգության հարցը նույնպես սեղանին է:

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ անընդունելի է համարել որևէ լուծում, որով Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի: Առաջին քայլը, Ժան-Նոել Բարոյի խոսքով, պետք է լինի հրադադարը, որին Ուկրաինան պատրաստ է, Ռուսաստանը՝ ոչ:

«Մենք արդար խաղաղություն ենք ուզում, որը հարգում է բոլորի ինքնիշխանությունը, և երկարատև խաղաղություն, որին ապագայում որևէ ագրեսիա չի սպառնա: Սակայն խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա», - պնդել է Բարոն:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է վերացնի հակամարտության հիմնապատճառները: Ըստ Դմիտրի Պեսկովի՝ Վաշինգտոնի հետ հիմա շփումներ կան, սակայն նման ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Նա նաև հրաժարվել է մեկնաբանել՝ Ռուսաստանի նախագահը տեղեկացվե՞լ է խաղաղության ամերիկյան նոր պլանի մասին, թե՞ ոչ։

Մինչ այդ, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահները երեկ Անկարայում քննարկել էին Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսկելու հարցը՝ վերջ դնելու արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին:

Ռեջեփ Էրդողանն ասել է՝ Ստամբուլի գործընթացը կարևոր է խնդրի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ են Մոսկվայի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են տանել խաղաղության։

«Կարծում ենք՝ օգտակար կլինի վերաակտիվացնել Ստամբուլի գործընթացը՝ ավելի համապարփակ մոտեցմամբ, որը կլուծի սրված խնդիրները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ քննարկել են իրավիճակը դիվանագիտական ճակատում և ամեն ինչ անում են՝ հասնելու արժանապատիվ խաղաղության: Նաև ցանկանում են մինչև տարվա վերջ վերսկսել գերիների փոխանակման գործընթացը:

«Փորձում ենք ապահովել, որ բոլոր ջանքերն ուղղված լինեն կոնկրետ խաղաղությանը՝ արդար խաղաղությանը և երաշխավորված անվտանգությանը։ Պատերազմը պետք է ավարտվի, խաղաղությանն այլընտրանք չկա», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նախագահները, սակայն, չեն անդրադարձել խաղաղության ամերիկյան նոր պլանին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG