Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորում հնարավոր է, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու իր ծրագրերից, փակի երկրում արևմտյան ռազմակայանները, չեղարկի զորավարժություններն օտարերկրյա զորքերի մասնակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում՝ շեշտելով՝ Արևմուտքը ստիպված կլինի հաշվի նստել գետնի վրա առկա իրողությունների հետ։
Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ցանկացած զարգացման, ասել է Լավրովը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Մոսկվայի անվտանգային շահերը հաշվի առնելով նախընտրում են խաղաղ կարգավորումը։
Արդեն մոտ երեք տարի շարունակվող պատերազմով Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, կամ՝ ավելի քան 110 հազար քառակուսի կիլոմետր։
Ավելի վաղ Մոսկվայից հայտարարել են, որ Պուտինը պատրաստ է դուրս բերել զորքը միայն Խարկովի և Նիկոլաևի մարզերի որոշ հատվածներից։
Կիևում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ, Ուկրաինայի նախագահը խոստովանել էր՝ ուկրաինական զորքերը բավարար ուժ չունեն Ղրիմը և այլ տարածքներ վերադարձնելու համար։
«Սա փաստ է։ Պետք է դիվանագիտական լուծում փնտրել», - նշել էր Ուկրաինայի նախագահն՝ ընդգծելով՝ ռուսական զինուժն առաջ է շարժվում Ուկրաինայի արևելքում, իսկ ճակատում իրավիճակը բարդ է Կիևի համար։
«Ուկրաինան կկարողանա դիվանագիտական միջոցների մասին մտածել միայն, երբ բավական ուժեղանա», որպեսզի կարողանա զսպել Ռուսաստանին», - ասել էր Զելենսկին։