Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե գրեթե որոշում է կայացրել Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու հարցում, որոնցով Կիևը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։ Դոնալդ Թրամփը, սակայն, նշել է, որ կցանկանար իմանալ, թե ինչ թիրախներ է Ուկրաինան մտադիր խոցել դրանցով, քանզի չէր ուզի սրել իրավիճակը:
«Այո, կարելի է ասել, որ որոշում կայացրել եմ: Կուզեի պարզել, թե ինչ են նրանք անելու դրանցով։ Ո՞ւր են նրանք մտադիր ուղարկել այդ հրթիռները։ Կարծում եմ՝ ես պետք է տամ այդ հարցը, - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Դրանց մատակարարումը Մոսկվան կդիտարկի իրավիճակի լուրջ սրացում»
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ սպասում են ԱՄՆ-ից պարզաբանումների Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարման վերաբերյալ: Դմիտրի Պեսկովը կրկնել է՝ դրանց մատակարարումը Մոսկվան կդիտարկի որպես իրավիճակի լուրջ սրացում։
Անցած շաբաթ էլ Ռուսաստանի նախագահն էր երկու անգամ անդրադարձել թեմային և զգուշացրել՝ եթե Վաշինգտոնը գնա այդ քայլին, դա կփչացի ռուս-ամերիկյան հարաբերությունները և նոր էսկալացիայի կհանգեցնի:
Մոսկան մոդեռնիզացրել է «Իսկանդեր» և «Կինժալ» բալլիստիկ հրթիռները. ԶԼՄ
Այս ֆոնին Financial Times-ը և Washington Post-ը գրում են, որ Ռուսաստանն իր «Իսկանդեր» և «Կինժալ» բալլիստիկ հրթիռները, որոնցով մեծ վնաս է հասցնում Ուկրաինային, մոդեռնիզացրել է այնպես, որ դրանք արդեն շրջանցում են հակաօդային պաշտպանության ամերիկյան Patriot համակարգերը՝ թռիչքի վերջին պահին կտրուկ փոխելով հետագիծը: Ըստ Financial Times-ի՝ դրա մասին է վկայում վիճակագրությունը, ըստ որի՝ Ուկրաինայի խոցած բալլիստիկ հրթիռների թիվը կտրուկ նվազել է՝ օգոստոսի 36%-ից սեպտեմբերին հասնելով 6%-ի:
Ավիացիոն փորձագետ Կոնստանտին Կրիվոլապը «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ այդ հոդվածների գլխավոր նպատակն է ԱՄՆ-ին զգուշացնել, որ Ուկրաինան Patriot-ների կարիք ունի: Ըստ նրա՝ այդ հրթիռների ալգորիթմը հնարավոր է փոխել այնպես, որ դրանք մի փոքր մանևրեն, սակայն խոսքը միայն փոքր փոփոխության մասին է, իսկ ավելի մեծ փոփոխությունների համար ժամանակ ու փորձարկումներ են անհրաժեշտ:
«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է արագ ու հեշտ փոխել բալլիստիկ հրթիռը այնպես, որ չանցկացվեն հավելյալ փորձարկումներ, հետազոտություններ: Դա գործնականում հնարավոր չէ», - ասել է ավիացիոն փորձագետը:
Զելենսկին դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահն իր հերթին երեկոյան ուղերձում Արևմուտքին կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանը տարատեսակ սխեմաներով Հարավային Կորեայից, Չինաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից ձեռք բերի բաղադրիչներ, որոնք օգտագործում է իր հրթիռներում և անօդաչուներում: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ ռուսական սպառնալիքն այդ դեպքում էապես կնվազի:
«Ռուսաստանը չէր ունենա ոչ մի հրթիռ կամ իր անօդաչուների մեծ մասը, և, հետևաբար, չէր կարող զգալի վնաս հասցնել մեր էներգետիկ ոլորտին, եթե չկարողանար գնել կամ ինչ-որ կերպ ներմուծել արևմտյան արտադրության բաղադրիչներ իր հրթիռների և «Շահեդ» անօդաչուների համար», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:
Financial Times-ը նաև գրում է, որ ԵՄ երկրները համաձայնել են սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը դաշինքի ներսում։ Ըստ թերթի՝ նրանք նման որոշում են կայացրել Եվրոպայում դիվերսիոն փորձերի աճի ֆոնին, որոնք, ըստ հետախուզական ծառայությունների՝ հաճախ նախաձեռնում են հենց դիվանագիտական քողի տակ գործող լրտեսները:
Թերթը հիշեցնում է, որ ռուս գործակալները մեղադրվում են ՆԱՏՕ-ի երկրների դեմ սադրանքներ հրահրելու համար՝ հրկիզումներ, կիբեռհարձակումներ, դիվերսիաներ ենթակառուցվածքների վրա և օդային տարածքի խախտումներ, որոնց նպատակն է համակարգված կերպով անկայունություն ստեղծել Կիևի դաշնակից եվրոպական երկրներում:
Առաջարկվող կանոններով՝ ԵՄ երկրներում աշխատող ռուս դիվանագետները ստիպված կլինեն տեղեկացնել իրենց ճանապարհորդական ծրագրերի մասին՝ նախքան ընդունող երկրի սահմանը հատելը։
Այս ընթացքում ռուսական զորքը հարվածել է Ուկրաինայի մի քանի էներգետիկ ենթակառուցվածքների, նաև՝ Սումի քաղաքի բուժհաստատությանը: Հարվածել են նաև Խարկովին, Խերսոնում երկու զոհ կա: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է գրավել:
Ուկրաինական զինուժը ևս հարվածել է ռուսական բնակավայրերի, այդ թվում՝ Տուլային, Ռոստովին, Նիժնի Նովգորոդին: