Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում գործող հանցավոր խումբ է բացահայտել, որը, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, կոռուպցիոն սխեմաներով մոտ 100 միլիոն դոլարի կաշառք է ստացել:
Ըստ բյուրոյի՝ խմբում ներգրավված են եղել էներգետիկայի նախարարի նախկին խորհրդականն ու պետական «Էներգոատոմ» ընկերության անվտանգության ղեկավարը։ «Ազատության» ուկրաինական ծառայության տվյալներով՝ գործով անցնում է նաև գործարար Տիմուր Մինդիչը, որը նախագահ Վադիմիր Զելենսկու մերձավորներից է:
Բյուրոյի հայտարարությունում ասվում է. - «Տասնհինգ ամսվա աշխատանք և 1000 ժամ ձայնագրություններ․ փաստաթղթավորվել է հանցավոր կազմակերպություն, որի մասնակիցները ստեղծել էին լայնածավալ կոռուպցիոն սխեմա՝ պետական հատվածի ռազմավարական ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Էներգոատոմ»-ի վրա ազդելու, փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար»:
«Էներգոատոմ»-ը, որը շահագործում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի կեսից ավելին ապահովող երեք ատոմակայան, ըստ քննիչների՝ գործընկերներին ստիպել է պայմանագրերի 10-15 տոկոսի չափով կաշառք վճարել, որպեսզի չկասեցվեն ծառայությունների կամ ապրանքների համար վճարումները, իսկ ընկերությունները չզրկվեն մատակարարի կարգավիճակից:
«Էներգոատոմ»-ը հայտնել է, որ բյուրոյի աշխատակիցները երեկ խուզարկել են իր գրասենյակները, իսկ ընկերությունը համագործակցում է իրավապահների հետ։
Վլադիմիր Զելենսկին, որը չորս ամիս առաջ հակակոռուպցիոն բյուրոյի անկախությունը սահմանափակելու փորձ էր արել, սակայն հանրության ճնշման տակ հրաժարվել այդ մտադրությունից, երեկոյան ուղերձում հայտարարել է, որ կոռուպցիան պետք է վերացվի, պաշտոնյաները պետք է համագործակցեն բյուրոյի հետ, իսկ մեղավորները՝ պատժվեն:
«Էներգետիկայի ոլորտում, յուրաքանչյուր ոլորտում բոլոր նրանք, ովքեր ստեղծել են այդ սխեմաները, պետք է իրավական հստակ պատասխան ստանան։ Պետք է լինեն դատավճիռներ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Կոռուպցիայի վերացումը և օրենքի գերակայության ամրապնդումը Եվրամիությանը միանալու՝ Կիևի առաջ դրված գլխավոր պայմաններն են: Հենց այս գործընթացին հետևելու համար են ստեղծվել Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը:
Վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ սպասում են հետաքննության արդյունքներին, և ասել է, որ պատրաստ են տրամադրել ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների համար։ «Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Պետք է լինեն դատավճիռներ, և անօրինական գործունեության համար պատիժն անխուսափելի է», - նշել է նա։
Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտարարել է, որ հանձնառու է ապահովել թափանցիկություն, և հույս է հայտնել, որ անկողմնակալ հետաքննություն կանցկացվի, ինչը միջազգային գործընկերներին միայն կհամոզի, որ իրենք պատրաստ են իրավապահների հետ համագործակցել:
«Հույս ունեմ և վստահ եմ, որ քննությունը կլինի օբյեկտիվ, անաչառ, օրենքի շրջանակում, և քննության արդյունքների հիման վրա կկայացվեն համապատասխան որոշումներ», - ասել է նախարարը:
Կոռուպցիոն այս բացահայտումից հետո նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորած ընդդիմադիր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը հայտարարել է, որ նախարարների ամբողջ կաբինետը պաշտոնանկ անելու գործընթաց է նախաձեռնում խորհրդարանում։ Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր առանձին առաջարկ է ներկայացրել էներգետիկայի և արդարադատության նախարարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Սակայն երկու նախաձեռնություններն էլ հաջողության հասնելու քիչ հնարավորություն ունեն՝ հաշվի առնելով, որ իշխող ուժը մեծամասնություն է Գերագույն ռադայում:
Կոռուպցիոն այս սկանդալը պայթում է այն ժամանակ, երբ երկրի էներգետիկ համակարգը ծանր վիճակում է հայտնվել ռուսական հարվածներից, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները դարձել են հաճախակի: Հոսանքը երեկ անջատվել է, երբ Զելենսկին հարցազրույց է տվել բրիտանական Guardian-ին:
Այսօր էլ ռուսական զինուժը հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին, Կիևի մարզում Գլխավոր հետախուզական վարչության էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնին և Ստարոկոստյանտինովի օդանավակայանին: Ռուսական զորքը հայտարարել է, որ լիակատար վերահսկողության տակ է վերցրել Կուպյանսկ քաղաքի արևելյան մասը, ևս մեկ բնակավայր վերցրել Զապորոժիեում:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ կանխել է ուկրաինական հետախուզության ծրագիրը, որն իրականացվել է «բրիտանացի կուրատորների» մասնակցությամբ։ Ըստ ծառայության՝ ուկրաինական կողմը 3 մլն դոլար և Շենգեն վիզա առաջարկելով փորձել է հավաքագրել ռուս օդաչուներին, որպեսզի գողանան МиГ-31 կործանիչ, որը հետո պետք է թռչեր դեպի Ռումինիայում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա և ենթադրաբար խոցվեր ճանապարհին:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Օրենբուրգին, նաև նավթավերամշակման օբյեկտների Սարատովում, Օրսկում, Ղրիմում: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զինուժն ուժեղացրել է ռազմավարական նշանակության Պոկրովսկ քաղաք մտնելու փորձերը: РБК-ի փոխանցմամբ՝ հարավ-արևելքում ուկրաինական զինուժը հետ է քաշվել երկու բնակավայրից:
Ռուսական կողմը հայտարարել է, որ է՛լ ավելի է առաջ գնացել ռազմավարական նշանակության Պոկրովսկում, նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է զորքն առաջ շարժվում:
Ուկրաինայի նախագահն այսօր այցելել է Խերսոն՝ քաղաքի ազատագրման երրորդ տարեդարձի առթիվ: «Խերսոնը Ուկրաինայի մաս է ... Ռուսաստանն այստեղ տեղ չունի», - հայտարարել է Զելենսկին։