Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, թե էներգետիկ ոլորտում բարձրաստիճան մակարդակով գործող հանցավոր խումբ է բացահայտել, որում ներգրավված են եղել էներգետիկայի նախարարի նախկին խորհրդականն ու ուկրաինական «Էներգոատոմ»-ի անվտանգության ղեկավարը։
Կոնկրետ անուններ քննիչները չեն հրապարակում։ «Ազատության» ուկրաինական ծառայությունը, սակայն, հաղորդում է, որ գործով անցնում է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկիի բիզնես գործընկերը՝ Տիմուր Մինդիչը։
«15 ամսվա աշխատանք և 1000 ժամ ձայնագրություններ․ փաստաթղթավորվել է հանցավոր կազմակերպություն, որի մասնակիցները ստեղծել էին լայնածավալ կոռուպցիոն սխեմա՝ պետական հատվածի ռազմավարական ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Էներգոատոմ»-ի վրա ազդելու, փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար», - հայտարարել են քննիչները։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ, ըստ իրավապահների, պաշտոնյաները քննարկում են էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց վճարի 10-15 տոկոսի չափով կաշառք ստանալու մանրամասները։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ խուզարկվել են 50-ից ավելի պաշտոնյաներ, այդ թվում՝ ներկայիս արդարադատության նախարար Գերման Գալուշենկոն, ով նախկինում զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը։
Ընդդիմախոսները, իրենց հերթին. հայտարարում են, թե Զելենսկիի կառավարությունը այս քրեական գործերով ու էներգետիկ ոլորտի պաշտոնյաների դեմ սկսված քրեական հետապնդումներով նպատակ ունի «քավության նոխազ» գտնել և մեղքը նրանց վրա բարդել, եթե երկրի էներգետիկ համակարգը այլևս չկարողանա դիմակայել ռուսական հարվածներին։