Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների «Ալֆա» կենտրոնն այսօր անօդաչուներով հարվածել է ռուսական խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկին՝ «Լուկօյլ»-ին պատկանող նավթային պլատֆորմին, որ գտնվում է Կասպից ծովի հյուսիսային հատվածում։ Այս մասին հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, «Ուկրաինսկայա Պրավդա» թերթը և РБК-Украина գործակալությունը։
Սա առաջին դեպքն է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցնում Կասպից ծովում գտնվող ռուսական նավթային ենթակառուցվածքներին։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ առնվազն չորս ԱԹՍ-ների հարվածների հետևանքով մոտ երկու տասնյակ նավթահորերից վառելիքի արդյունահանումը անորոշ ժամանակով դադարեցվել է։