ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել են Կրեմլ՝ նախագահ Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը դադարեցնելու ամերիկյան պլանը: Ամերիկացի պաշտոնյաներին Կրեմլ է ուղեկցել Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ այս հանդիպումը կարող է որոշել Ուկրաինայի ճակատագիրը։ Սա այս տարի Ուիթքոֆի առնվազն 5-րդ այցն է Ռուսաստան:
Հանդիպումից առաջ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան պլանը լավ հիմք է վերջնական համաձայնության հասնելու համար։ Սակայն, Դմիտրի Պեսկովի խոսքով, սա շատ բարդ խնդիր է, և դեռ մի քանի հիմնարար հարցեր պետք է լուծվեն:
ԱՄՆ վարչակազմը «շատ լավատեսորեն» է տրամադրված խաղաղության հասնելու հարցում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը. «Ակնհայտորեն, դուք տեսել եք, նախագահի ողջ թիմը շատ է աշխատել այս ուղղությամբ, նրանք բոլորն իսկապես ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի»։
Եվրամիության արտգործնախարարն էլ զգուշացրել է, թե Ուիթքոֆ-Պուտին հանդիպումը կարող է մեծացնել Ուկրաինայի վրա ճնշումը՝ զիջումներ կորզելու համար։ «Քանզի դա այս պատերազմը դադարեցնելու ավելի հեշտ ճանապարհն է»,- ասել է Կայա Կալլասը:
Կիևի համար առաջնահերթություն են ինքնիշխանության պահպանումն ու անվտանգության հուսալի երաշխիքները
Մինչ այդ Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ երեկ Փարիզից տեսակապով քննարկել են նախօրեին Ֆլորիդայում կայացած բանակցությունների արդյունքները: Մասնակցել են նաև Ուիթքոֆն ու ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը:
Այնուհետև Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսին Ուկրաինայի նախագահը հայտարարել է՝ Կիևի համար առաջնահերթություն են ինքնիշխանության պահպանումն ու անվտանգության հուսալի երաշխիքները, քանզի Ռուսաստանը բազմիցս է խախտել պայմանավորվածությունները: Վլադիմիր Զելենսկին խոստովանել է՝ տարածքային վեճերն ամենաբարդն են. «Տարածքային հարցն ամենաբարդն է։ Եվ անվտանգության երաշխիքների հարցը ևս կարևոր է. մեզ ԱՄՆ-ի և Եվրոպայի կոնկրետ հանձնառությունն է հարկավոր այս հարցում»:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին ասել է, որ ամերիկյան ծրագիրը կարող է վերջնականապես համաձայնեցվել միայն Ուկրաինայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, նույնը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, քանզի սեղանին է թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի անվտանգությունը: Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, ապա դրանք միայն Ուկրաինան կարող է որոշել:
«Միայն Ուկրաինան կարող է խոսել տարածքների մասին՝ խոսքը իր սեփական տարածքների և ինքնիշխանության մասին է՝ ճանաչված միջազգային իրավունքով», - նշել է Մակրոնը:
ԱՄՆ-ն մտադիր է խաղաղության հաստատումից հետո սառեցված ակտիվները վերադարձնել Ռուսաստանին. Politico
Անդրադառնալով ռուսական սառեցված միջոցների հաշվին Ուկրաինային վերականգնման նպատակով վարկ տրամադրելու հարցին, ինչին դեմ է Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ նախատեսում են այս հարցով որոշում կայացնել մինչև տարեվերջ: Ելիսեյան պալատի ղեկավարը երեկոյան ուկրաինական հարցը քննարկել է նաև Դոնալդ Թրամփի հետ:
Ամերիկյան Politico-ն հայտնում է, որ ԱՄՆ-ն մտադիր է խաղաղության հաստատումից հետո սառեցված ակտիվները վերադարձնել Ռուսաստանին:
ՌԴ-ն պնդում է՝ գրավել են Պոկրովսկ և Վովչանսկ քաղաքները
Ու մինչ Ուկրաինան, Եվրոպան և ԱՄՆ-ն քննարկում են խաղաղության պլանը, Ռուսաստանի նախագահը զինվորական համազգեստով երեկոյան այցելել է զինված ուժերի հրամանատարական կետերից մեկը, որտեղ Գլխավոր շտաբի պետը կրկին զեկուցել է, որ գրավել են Պոկրովսկ և Վովչանսկ քաղաքները: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Պոկրովսկը կարևոր ուղղություն է. «Բոլորս ենք հասկանում, թե դա որքան կարևոր է։ Դա լուծումներ կապահովի այն առաջադրանքների կատարման համար, որ մեր առաջ դրել ենք հատուկ ռազմական գործողության սկզբում»:
Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ռուսական զորքը վերահսկում է Պոկրովսկի հարավային հատվածը միայն:
Ռուսական զինուժը Կրամատորսկում անօդաչուով հարվածել է բազմահարկ շենքի, կա մեկ զոհ, Օդեսայում էլ՝ էներգետիկ օբյեկտի, 36 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մոսկվան պնդում է, որ ևս երկու բնակավայր է վերցրել:
Ուկրաինական զինուժն իր հերթին Օրյոլի մարզում հարվածել է վառելիքաէներգետիկ օբյեկտների: Ըստ Bloomberg-ի՝ ուկրաինական կողմը նոյեմբերին առնվազն 14 անգամ հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանների, ինչը մեկ ամսվա հաշվով ռեկորդային է: