Ոստիկանությունը Մոլդովայում և Ուկրաինայում տասնյակ տներ է խուզարկել՝ Ուկրաինայում ենթադրաբար պատերազմական հանցագործություններ կատարած ռուսական վարձկան խմբերի հետ կապված հարյուրավոր անձանց նկատմամբ անդրսահմանային քննության շրջանակներում, հաղորդել են պաշտոնյաները:
Եվրոպական ոստիկանական Եվրոպոլ գործակալությունն այսօր հայտարարել է, որ իշխանությունները նույնականացրել են ավելի քան 650 մարդու՝ 9 երկրից, որոնք ներգրավված են եղել քաղաքացիական անձանց և ռազմագերիների բռնաբարություններում ու հավաքական մահապատիժներում: Ըստ գործակալության՝ այդ անձինք մաս են կազմել ռուսաստանյան երկու փոխկապակցված՝ «Վագներ» և «Ռեդուտ» մասնավոր ռազմական կազմավորումներին:
Եվրոպոլի փոխանցմամբ, ոստիկանությունը Մոլդովայում և Ուկրաինայում խուզարկություններ է իրականացրել 70 տներում՝ բռնագրավելով «Վագներ» խմբավորման հետ առնչություն ունեցող հրազեն, զինամթերք, համակարգիչներ և էլեկտրոնային սարքավորումներ:
Խուզարկություններով հայտնաբերվել են նաև «Վագներ»-ի հետ կապված տեսանյութեր և լուսանկարներ, համազգեստներ և կրծքանշաններ, հայտարարել է Եվրոպոլը:
Թե՛ Մոլդովայի, թե՛ Ուկրաինայի դատախազները առանձին հաղորդագրություններով հաստատել են խուզարկությունների փաստը:
«Ուկրաինացի ոստիկանները ռուսական պատերազմական հանցագործների են հայտնաբերում աշխարհով մեկ տարբեր երկրներում և անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն արդար պատիժ ստանա», - իր հերթին, հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը:
Պարզ չէ, թե ըստ Եվրոպոլի ենթադրյալ պատերազմական հանցագործություններում ներգրավված 654 անձանցից քանիսն են կալանավորվել կամ որտեղ են նրանք:
Բացի ուկրաինացիներից և մոլդովացիներից, ըստ Եվրոպոլի, նույնականացվել են նաև Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիներ:
Ուկրաինայի իշխանությունները ստեղծել են դատախազական ստորաբաժանում, որը ռուսական ներխուժման ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների ապացույցներ է հավաքում: Այդ ջանքերին այլ երկրներ ևս աջակցում են:
Խորհրդավոր ավիաաղետի հետևանքով «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահից հետո այդ մասնավոր ռազմական կազմավորումը մեծավ մասամբ ցրվել է, դրա անդամներն ընդգրկվել են ՌԴ պաշտպանության նախարարության զորամիավորումներում կամ կիսառազմականացված կառույցներում:
«Ռեդուտ»-ը հավաքագրման ստվերային ցանց է, որը կառավարվում է Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ГРУ-ի կողմից: