Ոսկեպարի սահմանազատված տեղամասում իրականացվում են փշալարային արգելափակոցի կառուցման աշխատանքներ, այսօր «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայությունից՝ նշելով, որ «մարդկանց անվտանգությունը երաշխավորելու նկատառումներից ելնելով՝ ներկայումս նպատակահարմար չէ վերջիններիս մուտքը տվյալ հատված»։
Փետրվարին 18-ին Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացի շրջանակներում ինչ-ինչ աշխատանքներ են սկսվել, սակայն, չէր հստակեցրել՝ կոնկրետ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը։
Ընթացող աշխատանքներով խիստ անհանգստացած վարչական շրջանի ղեկավարը, սակայն մեկ օր անց «Ազատության» հետ զրույցում հրաժարվել էր իր ղեկավարած գյուղում տեղի ունեցողին անդրադառնալ: «Ոչ մի բան էլ չեմ ասում, ում հետաքրքրում է՝ գա նայի տեղում», - «Ազատության»-ն ասել էր Աղբալյանը:
Նա նաև «Հրապարակ»-ին ասել էր, որ կան տարածքներ, որտեղ իրենց մուտքն արգելվում է, հարցերի դեպքում խորհուրդ տվել դիմել սահմանապահ զորքերին։
«Ազատություն»-ն էլ հետաքրքրվել էր ԱԱԾ-ից, թե ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ոսկեպարում և ինչո՞ւ է մարդկանց արգելվում մտնել այն տարածքներ որտեղ աշխատանքներ են իրականացվում։ Հարցումից մեկ շաբաթ անց ԱԱԾ-ից պատասխանել են․ - «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի սահմանազատված տեղամասում իրականացվում են փշալարային արգելափակոցի կառուցման աշխատանքներ։ Նշված աշխատանքներն իրականացնելու և մարդկանց անվտանգությունը երաշխավորելու նկատառումներից ելնելով՝ ներկայումս նպատակահարմար չէ վերջիններիս մուտքը տվյալ հատված»։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները2024-ի մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրումլի և Բերքաբեր-Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։