Քարոզարշավի 16 -րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը Երևանի Ավան վարչական շրջանում են:
Վարչապետը կրկին խոսել է խաղաղությունը վերաբանակցելու վերաբերյալ իր մրցակիցների հայտարարությունների մասին: Հիմնական ընդդիմադիրները հայտարարում են, որ թեև չեն հրաժարվի Փաշինյանի ստորագրած փաստաթղթերից, բայց կփորձեն վերաբանակցել, իսկ խաղաղության համար էլ երաշխավորներ գտնել:
«Խաղաղությունը վերաբանակցելու քայլը միանշանակ և աներկբա բերելու է էսկալացիայի և պատերազմի, որովհետև, երբ համաձայնություններից հրաժարվում ես, արդեն պետք է կոնֆլիկտ լինի: Ի՞նչ է նշանակում՝ սա լավ խաղաղություն չի, ուժեղ խաղաղության են հասնելու: Ուժեղ խաղաղություն նկատի ունեն՝ ուժի կիրառման արդյունքում է այդ խաղաղությունը ստեղծվելու կամ ուժի սպառնալիքի արդյունքում է այդ ուժեղ խաղաղությունը ստեղծվելու: Դուք, որ ուժ եք ճոճելու, բա մեր երկրի դեմ էլ են ուժ ճոճելու, ո՞վ է գնալու: Կալուգացու վեց զորակոչիկներից ոչ մեկը բանակ չի գնացել, Ռոբերտ Քոչարյանի տղեքը ծառայել են Նալբանդյան փողոցում, իսկ Գագիկ Ծառուկյանի տղեն մարտական մեծ ուղի ունի անցած. Առինջում, Ավանում սրա-նրա վրա կրակելով»,- քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է իր պաշտոնավարմանը, Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդն է որոշողը: Եթե ժողովուրդը որոշում կայացնի, որ իշխող ուժն ու ինքը պետք է հեռանան, ապա իրենք կհեռանան. «Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ սուսուփուս, առանց քննարկելու: Բայց, շատ կարևոր է այն, որ 300-500 հազար մարդ անի, 5 րոպե հետո խոստանում եմ՝ կհեռանամ»,- շեշտեց վարչապետը: