Կուբայում ուրբաթ օրը վթար է տեղի ունեցել գլխավոր էլեկտրակայաններից մեկում։ Վթարը խափանում է առաջացրել ազգային էլեկտրացանցում, ինչի հետևանքով ամբողջ երկիրը մնացել է առանց հոսանքի, հայտնում է Կուբայի էներգետիկայի նախարարությունը։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը X սոցիալական ցանցում գրել է, որ աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այն կավարտվի։
Կղզու 10 միլիոնանոց բնակչությանը խորհուրդ է տրվել անցնել էլեկտրաէներգիայի խնայողության խիստ ռեժիմի: Բոլոր աշխատողները, բացառությամբ շտապ օգնության ծառայության, ուղարկվել են տուն։ Դպրոցներն ու համալսարանները փակ են առնվազն մինչև կիրակի։
Կուբայում էլեկտրաէներգիայի անջատումները հազվադեպ չեն: Դրանց պատճառը էլեկտրակայանների և էներգետիկ հանգույցների հնացած սարքավորումներն են, ինչպես նաև վառելիքի պակասը: