Մատչելիության հղումներ

Ո՞վ պիտի մեզնով զբաղվի. բեռնատարների վարորդները պահանջում են՝ կառավարությունը դիմի ՌԴ-ին, բացատրի՝ իրենք աշխատանքային միգրանտ չեն


Բեռնատարների հայ վարորդները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը դիմի Ռուսաստանին ու բացատրի՝ իրենք աշխատանքային միգրանտ չեն, իրենց գործատուն Հայաստանում է, ոչ թե ՌԴ-ում, ինչո՞ւ պետք է աշխատանքային միգրանտների վրա տարածվող կարգավորումն իրենց էլ վերաբերվի:

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած նոր կարգավորումների հետևանքով, բեռնատարների բազմաթիվ վարորդներ հայտնվել ու դեռ կհայտնվեն Մոսկվայի սև ցուցակներում: Նրանց սպառնում է անգամ մինչև 3 տարվա մուտքի արգելք, ընդհուպ արտաքսում և ազատազրկում:

«Կառավարությունը պետք է իրենց հետ լուծի հարցը, բեռնատարի վարորդն ի՞նչ գործ ունի». վարորդ

«Ազատության»-ը դիմած վարորդները խուսափում են ներկայանալ՝ ՌԴ-ում լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար: «Պատկերացրեք, միանգամից էդքան բեռնատարները կանգնեն, էդքան վարորդ մնա առանց աշխատանք, չգիտեմ՝ ինչ կլինի Հայաստանի վիճակը», «Ուզում ենք իմանանք՝ ո՞վ պիտի մեզնով զբաղվի, կառավարությունը պետք է իրենց հետ լուծի էդ հարցը, բեռնատարի վարորդն ի՞նչ գործ ունի», - ասում են վարորդները:

Ռուսաստանը ոչ վիզային ռեժիմ ունի մի քանի տասնյակ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Այս երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու են գնում Ռուսաստան, այսինքն՝ այնտեղ գրանցված գործատուների հետ աշխատանքային պայմանագիր ունեն, պարտավոր են1 տարվա ընթացքում գումարային 90 օր գտնվել Ռուսաստանում: Իսկ մինչև այս տարվա հունվարի 1-ն ուժի մեջ մտած կարգավորումներով՝ նրանք կարող էին Ռուսաստանում մնալ յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր: Այսինքն՝ այս ժամկետը խիստ կրճատել է Ռուսաստանը. «Մեր կառավարությունը տեղյակ չի պահել մեզ, գնացել ենք, հիմա չիմանալու պատճառով՝ գործից զրկվում ենք», - ասում է վարորդներից մեկը:

ՌԴ-ում ստեղծվել է վերահսկվող միգրանտների ռեեստր. եթե միգրանտը հայտնվում է այստեղ, նա չի կարող տեղաշարժվել կամ որևէ գործարք անել ՌԴ-ում, իսկ ոստիկանները կարող են առանց դատարանի արտաքսման կամ ձերբակալության որոշում կայացնել:

Մեզ դիմած բեռնափոխադրողներն ասում են՝ այս խնդրի առաջ կանգնած վարորդների թիվն առայժմ մոտենում է 100-ի, արդեն դեպորտի փաստաթղթեր ստացածներ կան:

Լուծումները բազմաթիվ են. փորձագետ

Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ դեռ նախորդ տարվանից է զգուշացնում այս խնդրի մասին, ասում է՝ Հայաստանի կառավարությունը պետք է դիմի ռուս գործընկերներին, որ բեռնատարների վարորդներին թույլատրեն ոչ թե 90. այլ 180 օր գտնվել Ռուսաստանում, որովհետև նրանք աշխատանքային միգրանտ չեն. «Կամ մեկ այլ կետ մտցվի, որտեղ գրվի՝ եթե անձն իրականացնում է բեռնափոխադրում, ունի համապատասխան փաստաթղթերը, ապա իր վրա չի տարածվում, այլ իր վրա տարածվում է տարվա ընթացքում180 օր գտնվելու ռեժիմը, կամ մեկ այլ ռեժիմ, կամ իր վրա որևէ ռեժիմ չի տարածվում: Այսինքն՝ լուծումները բազմաթիվ են, կարող են գտնել որևէ լուծում», - ասում է փորձագետը:

«Ազատությանը» դիմած շուրջ 300 վարորդներ ասում են՝ իրենց գործատուն Հայաստանում է, իրենք բեռնված մեքենայով ապրանք են տանում Ռուսաստան ու վերադառնում: Բայց, քանի որ Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լարսը, պարբերաբար փակվում է շաբաթներով կամ ամսով, այդ պահից սկսած այդ 90 օրերը սկսում են նվազել: Բացի այդ, ըստ նրանց՝ ՌԴ սահմանին տարատեսակ ստուգումների ու հերթերի պատճառով նույնպես օրեր են կորցնում: «Այստեղ մեծ խնդիր ենք ունենում, որովհետև, ցավոք, անձը, որ 10-15 օր պտտվում է ՌԴ տարածքում, օրինակ՝ բեռները հասցնում է Լարս ու ստիպված ևս 15-16 օր մնում է, դա նշանակում է ինքը 30 օրից ավելի մնում է ՌԴ-ում, բայց ինքը չի կարող ունենալ ռեգիստրացիայի հասցե, որովհետև ինքը բեռնափոխադրում է իրականացնում: Ու այս մարդկանց համար չկա օրենքի որևէ կետ, որը կնախատեսի, որ իրենք այս դրույթի տակ չպետք է ընկնեն», - ասում է Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

«Ազատությունը» երեկ դիմել էր Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ պարզելու՝ արդյո՞ք ռուս գործընկերների հետ քննարկում են այս խնդիրները: ՊԵԿ-ից ասացին՝ հարցն իրենց տիրույթում չէ, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասաց՝ աշխատում են այդ ուղղությամբ. «Իրավիճակին ծանոթ ենք, այս ուղղությամբ հարցեր, զանգեր ստանում ենք, շարունակում ենք խորհրդատվական բնույթի ծառայությունները, դրանք ավելի կընդլայնենք առաջիկայում: Կոնտակտներ ունենք նաև մեր ռուս գործընկերների հետ», - նշեց Դավթյանը:

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ արտաքին գերատեսչությունում ուշադրություն դարձրել են ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններն և հայկական կողմը խնդիրը մշտապես բարձրացնում է թե՛ երկկողմ շփումների, թե՛ ԵԱՏՄ նիստերի ընթացքում»: «Մշտապես շեշտվում է նաև, որ փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին, մասնավորապես՝ աշխատուժի ազատ շարժի կարևորագույն սկզբունքին: ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթերում հստակ նշված է, որ Միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ, մինչդեռ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, մեր կարծիքով, սահմանում են անհավասար պայմաններ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիների համար: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասված է գերատեսչության հայտարարությունում:

Այս տարվա հոկտեմբերի 1-ից բեռափոխադրող վարորդների համար մի նոր կարգ էլ է գործում: Մինչև սահմանին հասնելը պետք է գրանցվեն էլեկտրոնային համակարգում՝ տեղեկացնելով, որ մոտենում են անցակետին։ Դրանցի հետո միայն նրանց անունը կհայտնվի ցուցատախտակին ու կթույլատրվի հատել սահմանը: Բեժանյանն ասում է՝ համակարգը դեռ լիարժեք չի գործում, արդյունքում նրանք ստիպված են լինում նախ հասնել Վլադիկավկազ, այնտեղ գրանցվել, և միայն հետո շարժվել դեպի Լարսի անցակետ։ Ի դեպ, ըստ փորձագետի, այս կարգը գործում է նաև մի շարք այլ ցամաքային անցակետերում, ոչ միայն Լարսում. «Ամեն մի փոքր բանը կարող է բերել մուտքի արգելքի»:

Ի դեպ, նույն խնդրին են բախվել նաև ղազախ վարորդները: Ըստ ղազախական լրատվամիջոցների՝ ղազախ վարորդները ևս հայտնվել են Ռուսաստանի սև ցուցակներում, զրկվում են աշխատանքից: Ղազախ վարորդներն իրենց պատգամավորներին են դիմել, որ Ռուսաստանի հետ քննարկվի այս հարցը:

XS
SM
MD
LG