Հայաստանի էլեկտրական ցանցերին լիցենզիայից զրկելուց հետո Կառավարությունն ու Կարապետյանները օրենքով երեք ամիս ժամանակ ունեն բանակցությունների համար: Այս ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել ընկերության վաճառքի շուրջ, եթե համաձայնության չգան, գործադիրը կարող է գնալ հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն էլ առանց համապատասխան փոխհատուցման չի կարող իրականացվել: Այն կարող է մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնել. անկախ աուդիտորական եզրակացությամբ անցած տարեվերջին ՀԷՑ-ի սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է գնահատվել՝ չհաշված մի քանի հարյուր միլիոնի հասնող պարտավորությունները:
Մինչ պաշտոնյաները պնդում են՝ ֆինանսական հնարավոր բեռի վերաբերյալ հաշվարկներ դեռ չունեն, փորձագետներն ու ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչներն ընդգծում են՝ այս ամենն, ի վերջո, մնալու է քաղաքացիների ուսերին:
«Մի քանի հարյուր միլիոն դոլար մենք՝ հայ ժողովուրդը, վճարելու է վարկերը եղած ընկերության վրա, մի քանի հարյուր միլիոն էլ մեր գրպանից՝ բոլորի, վճարվելու են սեփականատիրոջը», - ասում է ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
Ղազինյանը տեղի ունեցողին կարճ բնորոշում է տալիս. - «Ընդամենը մի քաղաքական քինախնդրության պատճառով սենց, այսպես ասած՝ ընկանք պարտքի տակ, էլի»:
Վարչապետը միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությանը զուգահեռ հայտարարեց Հայաստանի էլեկտրական ցանցերն ազգայնացնելու մասին, ու արդեն հինգ ամիս է՝ տնտեսական հնարավոր հետևանքների մասին հարցերին իշխանականների պատասխաններում մտահոգության նշաններ առանձնապես չկան:
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը սկզբում պետականացման մասին շատ ավելի կտրուկ էր արտահայտվում, այժմ փոքր-ինչ մեղմել է հռետորաբանությունն ու ասում է՝ Կառավարությունը գնելու հարցը կքննարկի, եթե «գինը տրամաբանական լինի», հակառակ դեպքում կփորձեն մասնավորի ներգրավել.
- «Բոլոր դեպքերում պետք ա վճարի ՀԷՑ-ին, բայց ո՞վ: Մի սցենարի դեպքում՝ Կառավարությունը, մյուս սցենարի դեպքում նա ձեռք կբերի, որովհետև, ըստ էության, անուղղակիորեն կստացվի, որ ձեռք էբերում, իհարկե՝ Կառավարության միջամտությամբ, բայց ձեռք է բերում մյուս ընկերությունը»:
Կա՞ն ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն միջազգային արբիտրաժում քննվող և փաստացի այլ սեփականատիրոջից վերցված ակտիվի համար այդքան գումար ծախսել, հետո էլ միլիոններ ծախսել արդիականացման համար, բանակցություններ ընթանո՞ւմ են, գործադիրն այս հարցերին դեռ չի անդրադարձել: Գոնե հրապարակավ որևէ այլ ընկերություն ՀԷՑ-ը գնելու ցանկություն առայժմ չի հայտնել:
«Կառավարությունը հաջորդ էտապով փորձելու է ազգայացնի, ինքը շատ դժվարությամբ կկարողանար գնահատել լիցենզիայի արժեքը, հիմա լիցենզիայի արժեքը դուրս է գալիս, զուտ, այսպես, կդնեն հաշվեկշռային արժեքով տարբեր գույքերը կգնահատեն, կասեն՝ այսքան է արժեքը, այսքան վարկ ունեք, այսքան ենք ձեզ վճարում»», - ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Կարապետյաններին փոխհատուցում տալու կամ ընկերությունը գնելու ֆինանսական բեռը, սակայն, միայն այսբերգի երևացող մասն է, այս գործընթացը բացասական ազդակ է ուղարկում հնարավոր ներդրողներին, ընդգծում է տնտեսագետը. - «Տարբեր միջազգային խաղացողներին, հաշվի առնելով, որ այս ներդրումները իրականացվել են կիպրական ընկերության միջոցով, և սա նաև էությամբ դառնում է ոչ թե տեղական վեճ, այլ միջազգային վեճ»:
Հայաստանի ներդրումային վիճակագրությունն այս պահին էլ դրական չէ, այս տարվա մարտին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը գրեթե 890 միլիոն դոլարի էր հասնում, հունիսի վերջի դրությամբ այն նվազել է 143 միլիոն դոլարով: Այսինքն՝ երեք ամսվա ընթացքում հայկական ընկերություններում օտար ներդրողներին պատկանող այդքան մասնաբաժիններ օտարվել են, նրանք դուրս են եկել շուկայից:
Ի դեպ, Հայաստանի օրինակը աշխարհում եզակի չէ: 21-րդ դարում ենթակառուցվածքների ազգայնացման մի քանի աղմկահարույց պատմություն Հարավային Ամերիկայի երկրներն ունեն. 2012-ին Բոլիվիան որոշեց պետականացնել Էլեկտրաէներգիայի փոխադրման ընկերությունը՝ Transportadora de Electricidad-ը, նախկին սեփականատեր իսպանական Red Eléctrica de España-ից գույքը վերցնելու գործընթացին նույնիսկ զինված ուժերը մասնակցեցին՝ մտնելով ընկերության գլխավոր մասնաշենք ու բարձրացնելով Բոլիվիայի դրոշները: Սա ուղեկցվեց դիվանագիտական կոշտ գնահատականներով, Բրյուսելը մտահոգություն հայտնեց ու պնդեց, որ այսպիսի գործողությունները բացասական ազդակ են ուղարկում միջազգային ներդրողներին: Երկու տարի անց, ի վերջո, Բոլիվիայի կառավարությունը համաձայնեց 36.5 միլիոն դոլարի փոխհատուցում տրամադրել նախկին սեփականատիրոջը:
Նույն տարում ազգայնացումը նաև Արգենտինայի օրակարգում էր, Բուենոս Այրեսը որոշեց պետականացնել երկրի ամենամեծ էներգետիկ ընկերության՝ YPF-ի բաժնեմասների մեծամասնությունը՝ համաձայնելով սեփականատեր իսպանական Repsol-ին 5 միլիարդ դոլար փոխհատուցել: Ավելի քան տասը տարի անց Արգենտինայի որոշման իրավական հետևանքները դեռ զգացվում են, 2023-ին ամերիկյան դատարանն այդ երկրի կառավարությանը պարտավորեցրեց 16 միլիարդ դոլար փոխհատուցել ընկերության մյուս փոքր բաժնետերերին: Բուենոս Այրեսն այժմ վիճարկում է որոշումը և ամենաբարձր մակարդակով հայտարարում՝ մեծ փոխհատուցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Արգենտինայի համար, որն այժմ էլ տնտեսական խորը խնդիրների մեջ է:
Իսկ Հայաստանին աշխարհագրորեն ամենամոտ գործը ՅՈւԿՕՍ-ինն է: Ռուսաստանի կառավարությունը 2000-ականներին Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող ակտիվները բռնագանձեց ու փոխանցեց պետական այլ նավթային ընկերությունների: Տարիներ տևած արբիտրաժային քննութունից հետո Հաագայում տեղակայված տրիբունալը 2014-ին որոշեց, որ Ռուսաստանը պետք է 50 միլիարդ փոխհատուցի նախկին սեփականատերերին: Մոսկվան դեռ վիճարկում է այս որոշումը: