Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն (ԱՀԾ) այսօր օրվա սկզբին տարածած հայտարարությամբ պնդեց, թե հետախուզական տվյալներ է ստացել, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7 -ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական և կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի:
«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և Հայաստանի քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով», - ասված է հայտարարությունում:
Այս տեղեկությունը նախընտրելով տարածել պետական «Արմենպրես»-ի միջոցով՝ ԱՀԾ-ն, սակայն, այդպես էլ չի տվել մի շարք գլխավոր հարցերի պատասխաններ՝ ո՞ր երկրում են Հայաստանի քաղաքացիներին ճնշում հատուկ ծառայությունների անունից, հայաստանյան քաղաքական ո՞ր ուժերին պետք է այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները աջակցեն ֆինանսապես և ոչ միայն:
Անպատասխան մնացած այս հարցերին ֆոնին, ժամեր անց Ոստիկանությունը տեղեկացրեց, որ արդեն իսկ ստուգողական գործողություններ է իրականացրել ԱՀԾ տեղեկատվության հիման վրա և առերևույթ հանցանքի մասին հաղորդումն ուղարկել Քննչական կոմիտե: Թե կոնկրետ երբ է Ոստիկանությունն արել այդ ստուգողական գործողությունները՝ այսօր մի քանի ժամվա ընթացքո՞ւմ, թե՞ ավելի վաղ, ՆԳՆ-ից չեն մանրամասնում:
Ոստիկանության կարճ հաղորդագրության մեջ միայն նշվում է ընտրողներին նյութական կամ այլ կախվածության միջոցով ընտրությանը հարկադրելու մասին, բայց կրկին անհայտ է մնում, թե այդ առերևույթ հանցանքը որ երկրում է տեղի ունեցել:
«ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է Քննչական կոմիտե», - ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ոստիկանության հաղորդումը ստացել են, այն ուսումնասիրման փուլում է: Այլ հարցերի հրաժարվեցին պատասխանել:
Փոխարենը, Արտաքին հետախուզության ծառայության այս տեղեկատվությանը շտապեց արձագանքել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ հորդորելով հանրությանը գուշակել, թե այդ ո՞ր երկրում են հայ գործարարներին ճնշում, որպեսզի նրանք աջակցեն ինչ-որ քաղաքական ուժի:
«Քիչ առաջ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հետախուզական տվյալներ է ստացել, որ օտար երկրներից մեկում, փորձեք գուշակել, իհարկե, որ երկրում, մարդիկ գնում են, ներկայանում են այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատող, աշխատակից, կամ գործակալ, կամ ինչ կուզեք անունը դրեք, հայ բիզնեսմեններին ստիպում են, ճնշումներ են գործադրում նրանց վրա, որպեսզի նրանք ֆինանսական և ոչ միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերեն Հայաստանում առաջադրված կամ առաջադրվելիք քաղաքական ուժերից որևէ մեկին: Ենթադրում եմ, սա իմ ենթադրությունն է արդեն, բայց սա շարունակությունն է էն բոլոր խոսակցությունների, որ երկրներից մեկում փորձ է արվելու բռնաճշումներով մարդկանց ուղղորդել Հայաստան՝ ընտրություններին մասնակցել», - հայտարարեց Ալեքսանյանը:
Իր ենթադրությունների վրա հիմնվելով, իշխող ուժի փոխնախագահը զգուշացրեց՝ թույլ չեն տալու, որ ինչ-որ երկրում որոշվի Հայաստանում կայանալիք ընտրությունների ելքը: Թեև այդ երկրի անունը Վահագն Ալեքսանյանը չէր տալիս, բայց խոսքի կեսից՝ զգուշացումներ անելիս, անցավ ռուսերեն լեզվին:
«Եթե ձեզ թվում է, թե օտարերկրյա հատուկ ծառայությունները պետք է գնան հայ բիզնեսմենների վզին ձայների քանակ դնեն, նրանք էլ պետք է էդ մարդկանց ստրուկի տեղ դրած ուղղորդեն Հայաստան, ու դրանով դուք կարողանաք ընտրություններում ինչ-որ արդյունք գրանցեք, գլուխներդ պատին եք տալու, չե՛ք տենալու դուք նման բան, չի՛ լինելու նման բան: Գնացեք ձեր շեֆերին, ձեր պագոնավոր հրամանատարներին ու մնացածին ասեք՝ «վսյո պռապալո, շեֆ, նի պալուչայետցա», - ասաց Ալեքսանյանը:
Ի դեպ, Ռուսաստանից Հայաստան ընտրողներ բերելու խոսակցություններին օրերս անձամբ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի կատարած ներկուսակցական արշավի շրջանակներում: Փողոցում քաղաքացիներից մեկի հետ զրույցում տեղեկանալով, որ վերջինս Մոսկվայից է եկել, Փաշինյանը կեսկատակ հարցրեց՝ եկել է, որ իր դե՞մ քվեարկի. - «Մոսկվայից եկել եք, որ մեր դեմ քվեարկե՞ք: Բա տենց լուրեր են, ասում են՝ Մոսկվայից գան, Ռուսաստանից բերելու են մարդկանց, որ մեր ... չէ, չէ սպասեք, չէ, չէ, ես ընդհակառակը՝ ասում եմ՝ թող բերեն, որովհետև եկածների 84.5 տոկոսը, ընդեղ մեր արած հարցումների համաձայն, քվեարկելու է մեր օգտին: Լուրջ եմ ասում, չմտածեք կատակ եմ անում, ամենայն լրջությամբ»:
Ի՞նչ կհետևի Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանն ու Քննչականի ուսումնասիրությանը, արդյո՞ք սա քրեական վարույթի հիմք կդառնա, և մեղադրյալներ կներգրավվեն, առայժմ պարզ չէ: