Մատչելիության հղումներ

Նորանշանակ մարզպետը «ջանք չի խնայի երազանքների Հայաստանի ու Լոռու մարզի կերտման գործում»


Արեն Մկրտչյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Արեն Մկրտչյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» արդեն նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանը Լոռու նոր մարզպետն է։ Կառավարության այսօրվա որոշումից հետո նա խոստացավ «ջանք չխնայել երազանքների Հայաստանի ու Լոռու մարզի կերտման գործում»։

«Ես էլ շնորհակալություն եմ հայտնում վարչապետին և ձեզ՝ վստահության համար: Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում: Շնորհակալ եմ», - հայտարարեց Մկրտչյանը Կառավարության նիստի ժամանակ:

Նորանշանակ մարզպետն այսօր լրագրողներին ասել է՝ շտապում է մարզպետարան: Ի՞նչ օրակարգով նա կգնա իր նոր աշխատասենյակ: Վանաձորում քաղաքական փոփոխությունների հետ կապված հարցերը բաց են։ Կփոխվի՞ արդյոք համայնքապետի պաշտոնակատարը, ում ավելի քան երեք տարի առաջ վարչապետն է նշանակել։ Արտահերթ ընտրություններ տեղի կունենա՞ն այստեղ, թե՞ արդեն հաջորդ տարի հերթական ընտրությունների ժամկետին կհասնեն։ Ո՞վ կլինի իշխանության թեկնածուն: Արեն Մկրտչյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ այս քաղաքական հարցերից չի խոսել:

«Խնդիրներ շատ կան, աշխատելու մեծ դաշտ կա: Բնականաբար, էսօր, հիմա շտապում եմ Վանաձոր՝ մարզպետարան, ու սկսենք արդեն բուն աշխատանքային գործընթացները: Աղետի գոտուց սկսած մինչև բոլոր համայնքներում իրականացվող աշխատանքներ, ահռելի աշխատելու դաշտ կա: Ավելի դետալային առաջիկայում խոսելու հնարավորություն կունենանք», - ասել է նորանշանակ մարզպետը:

Արեն Մկրտչյանը հեղափոխության ակտիվիստներից էր, քայլարշավին մշտապես ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին: Խորհրդարանում էլ պարբերաբար ծեծկռտուքների մասնակից է եղել: Պատգամավոր ընտրվելուց հետո 2022-ին նա փորձեց նվաճել Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը, բայց պարտվեց ընդդիմությանը։ Հրաժարվեց ավագանու մանդատից ու վերադարձավ խորհրդարան։

Մեկ տարի հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ն անվստահության բավականին աղմկալի գործընթացի միջոցով Ալավերդիում իշխանություն հաստատեց։ Բայց համայնքապետ դարձավ արդեն ուրիշը՝ Դավիթ Ղումաշյանը՝ նույն կուսակցությունից։ Դրանից հետո Մկրտչյանն ավելի հաճախ էր լինում Ալավերդիում, ներկայացնում պետական ու համայնքային միջոցներով իրականացվող ծրագրերը:

«Էդ աշխատանքները որ արվում են, դա Կառավարության և մեր քաղաքական թիմի ջանքերն են, դա հեղափոխության արգասիքներն են, և դա բոլորիս հաջողություններն են: Արժանիքները գնահատել է վարչապետը, որոշումը կայացրել է վարչապետը, նշանակումը կատարել է վարչապետը», - նշել է նորանշանակ մարզպետը:

Մկրտչյանը Լոռու հինգերորդ մարզպետն է հեղափոխությունից ի վեր։ Յուրաքանչյուր նշանակման ժամանակ նրա անունն էր հնչում որպես հավանական թեկնածու։ Բայց ամեն անգամ ուրիշներն էին նշանակվում։

Երեք ամիս առաջ Արամ Ղազարյանը մարզպետի պաշտոնը թողեց ու նշանակվեց Հայաստանի ոստիկանապետ։ Մկրտչյանի անունը կրկին թեկնածուների շարքում էր։ Անցած շաբաթ Փաշինյանն ի վերջո հայտարարեց նրա նշանակման մտադրության մասին։

Խորհրդարանում Մկրտչյանին կփոխարինի վանաձորցի Վանիկ Օհանյանը։ Նա ատամնաբույժ է, 2018-ից՝ քաղաքականության մեջ։ Նախ պատգամավոր դարձավ, հետո ընդամենը մեկ ամսով Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց։ 2021-ից էլ Վանաձորի ավագանու անդամ է՝ իշխանականների ցուցակով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG