Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես Արևմուտքի օգնության և աջակցության վրա, ապա սխալ կգործի, պետական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կբարդանա, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ կստեղծվեն տնտեսական զարգացման համար։
Թե ինչու և ինչպես է Հայաստանի ներսում իրավիճակը բարդանալու, ռուսաստանցի պաշտոնյան չի մանրամասնել, միայն հավելել է. «Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի խոհեմ կերպով»։
Նարիշկինը միաժամանակ շեշտել է, որ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը։
«Կարևոր է, որ զարգանա համագործակցությունն ու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսության, հումանիտար ոլորտի, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում», - ասել է նա։
Թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, ռուսաստանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Հայաստանի կողմից Եվրամիությանն հետ մերձեցումը ենթադրում է համագործակցության դադարեցում ԵԱՏՄ-ի հետ։