Մատչելիության հղումներ

Նոր զարգացումներ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի շուրջ


Ուկրաինայի էներգետիկ ոլորտում կոռուպցիոն խոշոր սկանդալի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում. հրաժարական են տվել միանգամից երկու՝ արդարադատության և էներգետիկայի նախարարները: Գործի նյութերում նաև առաջին անգամ հիշատակվում է Ուկրաինայի նախագահի անունը:

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով գործի նյութերին, հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է արդարադատության արդեն նախկին նախարար Հերման Գալուշչենկոյին, այն բանից հետո, երբ Զելենսկիի մտերիմ ու նախկին բիզնես գործընկեր Տիմուր Մինդիչը, որը, ըստ իրավապահների, ղեկավարել է հանցավոր սխեման, SMS հաղորդագրություն է ուղարկել նախագահին։

Թեև դրա բովանդակությունից մանրամասներ չեն ներկայացվում, ըստ իրավապահների, այս դրվագը «հաստատում է Մինդիչի ազդեցության» փաստը: Վերջինս "Квартал 95" ստուդիայի համասեփականատերն է: Նախքան նախագահ դառնալը ստուդիայի համասեփականատեր է եղել նաև Զելենսկին:

Նախարարների հրաժարականի պահանջ Զելենսկին դրել էր երեկ՝ երկու օր անց Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի հայտարարությունից, համաձայն որի՝ կառավարության նախկին և ներկայիս անդամներ են ներգրավված էներգետիկ ոլորտի կոռուպցիոն խոշոր սխեմայում, որի շրջանակում պետական «Էներգոատոմ» ընկերության միջոցով մոտ 100 միլիոն դոլարի կաշառք են ստացել կապալառուներից:

Զելենսկին ասել է, թե անընդունելի է, որ նման սխեմաներ կան էներգետիկայի ոլորտում, հատկապես, երբ ռուսական հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքներն էապես տուժել են, իսկ հազարավոր մարդիկ ստիպված են հաղթահարել հոսանքի անջատումների առաջացրած դժվարությունները:

«Կարծում եմ, որ արդարադատության նախարարը և էներգետիկայի նախարարը չեն կարող մնալ պաշտոններում: Սա, ի թիվս այլ բաների, վստահության հարց է: Եթե կան մեղադրանքներ, ապա պետք է պատասխանել դրանց», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Էներգետիկայի նախարարը, որի նախկին խորհրդականն է անցնում այս գործով, սոցցանցում գրել է, որ պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել իր համար: Նախարարի պաշտոնում մոտ չորս ամիս առաջ նշանակված Սվետլանա Գրինչուկը նաև վստահեցրել է, որ երբեք չի խախտել օրենքը:

«Իմ մասնագիտական գործունեության շրջանակում օրենքի խախտումներ չեն եղել։ Նման փաստեր սկզբունքորեն գոյություն չունեն ... Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի», - գրել է Գրինչուկը:

Կոռուպցիոն այս գործով առնվազն հինգ մարդ է ձերբակալվել: Երեկ երկու ամսով կալանավորվել է նաև «Էներգոատոմ» պետական ընկերության անվտանգության ղեկավար Դմիտրի Բասովը: Ըստ իրավապահների՝ հենց նա է վերահսկել ընկերության գնումներն ու ֆինանսական գործարքները և համակարգել ստվերային սխեման, որով «Էներգոատոմ»-ի կապալառուներից պահանջել են պայմանագրերի արժեքի 10-15 տոկոսի չափով կաշառք վճարել։


Հնարավոր է, որ կոռուպցիոն այս սկանդալն ազդի Ուկրաինային տրամադրվող աջակցության վրա: Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը սկանդալը որակել է «չափազանց ցավալի»՝ հավելելով, որ Կիևը պետք է լուրջ վերաբերվի դրան։ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ այն խաթարում է հանրային վստահությունը: Ուկրաինային տրամադրվող աջակցության վրա դա, այնուամենայնիվ, չի ազդի:

Ավելին, Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ Օտտավան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառի՝ թիրախավորելով նրանց, ովքեր օգնում են ռուսական ռազմական մեքենային:

Կանադան Մեծ յոթնյակում իր նախագահության առաջնահերթություններից է համարում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը պահպանելը և ամրապնդելը յուրաքանչյուր հնարավորության դեպքում։

Գերմանիայի ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, թե «լավատես» է, որ կկարողանան լուծում գտնել ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու խնդրին: ԵՄ-ն ցանկանում է ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային վարկ տրամադրել, սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, դեմ է և երաշխիքներ է պահանջում, որ հետագայում խնդիր չի ունենա Ռուսաստանի հետ:

«Մենք այժմ լուծումներ գտնելու գործընթացում ենք։ Ես լավատես եմ, որ մենք կհաջողենք, բայց կարևոր է, որ Եվրոպան նույնպես խթան հաղորդի այս գործընթացին», - ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG