Մատչելիության հղումներ

Հավաքներին նյութապես շահագրգռելու դրույթը քրօրում խնդրահարույց է. Վենետիկի հանձնաժողով


Վենետիկի հանձնաժողովը, պատասխանելով Սահմանադրական դատարանի նախագահի դիմումին, եզրակացրել է, որ քրեական նոր օրենսգրքում հավաքներին նյութապես շահագրգռելու դրույթն անորոշ է ու խնդրահարույց: Այն պետք է այնքան հստակ լինի, որ հանրահավաքին մասնակցող քաղաքացին հասկանա իր իրավունքներն ու պարտականությունները, եզրակացրել են միջազգային անկախ փորձագետները:

Անհստակության բարձր աստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից. Մինասյան


«Այն իր իրավական որոշակիության տեսակետից անհստակության բարձր աստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից՝ պատվեր իջեցնելու իրավապահ մարմիններին, որպեսզի հարուցվեն և իրականացվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ», - ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Անցած տարի ամռանն էին ընդդիմադիր պատգամավորները դիմել բարձր դատարան, խնդրել էին ուսումնասիրել քրեական օրենսգրքի՝ հավաքներին մասնակցելիս նյութապես շահագրգռելու դրույթն ու տալ գնահատական՝ արդյո՞ք սա համապատասխանում է Սահմանադրությանը, արդյո՞ք օրինական է քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ հանրահավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելու համար գումար է ծախսում, օրինակ՝ տրանսպորտի, սննդի, ջրի, տարբեր պարագաների վրա, ինչու չէ նաև՝ գումար է տալիս հավաքին մարդկանց մասնակցելու համար:

Բարձր դատարանը կասեցրել էր գործի քննությունն ու դիմել Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնին՝ սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից բաղկացած Վենետիկի հանձնաժողովին:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր առանձնացրեց նաև հանձնաժողովի եզրակացության հենց այս հատվածը, որ հանցանք են որակվում հավաքների կազմակերպչական ծախսերը, ինչի հետևանքով խախտվում է հավաքների ազատությունը:

«Ընդհանրապես կարգավորումը շատ ավելի մեղմ պետք է լինի և չի կարող այն ոչ միայն իրավախախտում համարվել, առավել ևս քրեական պատասխանատվություն առաջացնել», - ասաց Մինասյանը:

Ընդդիմադիրների շրջանում սահմանադրական դատարան դիմելու առիթ էին դարձել անցած տարիներին իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքներից հետո ձերբակալությունները հենց այս՝ հավաքին նյութապես շահագրգռելու դրույթի շրջանակում: Ավելի քան երկու տասնյակ դաշնակցականներ մեղադրվեցին այս հոդվածով, կալանավորվեցին:


Այս հոդվածով մեղավոր է ճանաչվել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա մեղադրվել ու առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հավաքներին ուսանողներին նյութապես շահագրգռելու համար։

«Հանձնաժողովն ասում է՝ սա ոչ որոշակի ձևակերպում է»


Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այսօր հիշեցրեց, որ մեկ տարի առաջ նման մի եզրակացության էլ հանգել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ «Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևում։ Այդտեղ եվրոպացի պատգամավորներն անդրադարձել են նաև Չալաբյանի մեղադրանքին, ընդգծել են՝ հավաքներին մասնակցելը հարկադրելը կամ խոչընդոտելը կարող է պատժվել, սակայն հանրահավաքներին մասնակցելը խրախուսելը չպետք է դառնա իրավական կարգավորման առարկա, եթե այն, իհարկե, չի հակասում քարոզարշավների ֆինանսավորման վերաբերյալ օրենքներին։

«Ինչի մասին խոսում էինք դեռևս 2022 թվականից, Չալաբյանի գործով միջնորդություն էինք ներկայացրել, որ դեռևս Մնացական Մարտիրոսյանը գործը կասեցնի, դիմի ՍԴ, բնականաբար Մարտիրոսյանը մերժել էր մեր դիմում, - ասաց նա, շարունակելով, - Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ սա ոչ որոշակի ձևակերպում է, երկրորդ՝ աննորմալ է ենթադրել, որ հնարավոր չէ կազմակերպել հավաք և հոգալ այդ մարդկանց հավաքին տրանսպորտացիային, լոգիստիկայի, սննդի և կեցության և նմանատիպ հարցեր», - ասաց Վարազդատ Հարությունյանը:


«Այդ մարդիկ հետապնդվել են հավաքների կազմակերպման համար»

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ըստ ամենայնի հաշվի կառնի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, բայց թե երբ այդ որոշումը կկայացվի, և ինչ հետևանք դա կարող է ունենալ արդեն այս հոդվածով մեղադրյալների վրա, դեռևս պարզ չէ:

«Թվարկված անձինք հետապնդվել են այնպիսի գործողությունների համար, որոնք ողջամտորեն տեղավորվում են հավաքի կազմակերպման իրավաչափ կոնցեպտի մեջ և որևէ պարագայում չէին կարող դիտարկվել իրավախախտումներ, առավել ևս հանցագործություններ», - ասաց նա:

Այս հոդվածով այս պահին էլ մեղադրյալներ կան: Օրինակ՝ երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ նյութապես շահագրգռելու դրվագով վարույթ են նախաձեռնել միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների կողմից մարդկանց հավաքի բերելու համար: Մեկ մարդ արդեն կալանավորված է:

Վարույթը նախաձեռնվել է իշխանական ԶԼՄ-ներում հայտնված մի ձայնագրությունից հետո: Շարժումն արդեն հայտարարել է, որ ձայնագրությունը շինծու է, բեմադրված, իսկ կալանավորվածը կապ չունի իրենց հետ:

XS
SM
MD
LG