Նոր Հանրային խորհուրդն ամբողջովին ձևավորված է: 45 հոգանոց կազմը լրացված է, Կառավարությունն էլ իր ապրիլի 9-ի որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին: Խզմալյանը, որ 2023 -ից է ղեկավարում Մատենադարանը, մինչ այդ էլ մի քանի տարի զբաղեցրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, հարցազրույցից այսօր հրաժարվեց, մամուլի խոսնակի միջոցով փոխանցեց, որ հարմար չի գտնում հիմա հարցազրույց տալ և որ լրատվամիջոցների հետ կշփվի, երբ տեղի ունենա Հանրային խորհրդի առաջին նիստը:
Արդեն տարիներ շարունակ փաստացի չգործող Հանրային խորհուրդը կառավարությունը որոշեց վերակենդանացնել անցած տարվա օգոստոսին, ցրել նախկին կազմը, նոր խորհուրդ հավաքել մի նորամուծությամբ. որ խորհրդում պիտի ստեղծվի փաստահավաք հանձնաժողով, որն իր հերթին պետք է քննի Հայաստանում անկախությունից մինչև 2023 թվականը տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումները, արձանագրի և այդ մասին զեկույց պատրաստի: Այդ մասին անցած տարի կառավարության նիստում հայտարարում էր այդ ժամանակ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:
Ըստ կառավարության՝ փաստահավաք խմբում 7 հոգի պիտի լինեն, քաղաքականապես չեզոք և երբևէ քաղաքական պաշտոն չզբաղեցրած թեկնածուներին պետք է ներկայացնեն հասարակական կազմակերպությունները, հաստատի Հանրային խորհուրդը: Զեկույցը պիտի ներկայացվի երկուսից երեք տարում:
Հեղափոխությունից ի վեր հնչող քննադատությունների ֆոնին, թե իշխանությունները այդպես էլ քաղաքական գնահատական չտվեցին անկախության տարիներին տեղի ունեցած ապօրինություններին, ու կանխելով հնարավոր քննադատությունները, թե ուշացած է փաստահավաք խումբ ձևավորելու որոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ այդ ժամանակ հայտարարում էր՝ խնդիրը քաղաքական կամքի բացակայությունը չէ, այլ հարցը, թե ինչ շրջանակներում պետք է այդ խումբը ձևավորվեր, և ահա գտել են, որ լավագույն տարբերակը Հանրային խորհուրդն է:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, սակայն, ասում է՝ այժմ հարցը ոչ թե փաստահավաք խմբի ուշացած - չուշացած լինելն է, այլ ընդհանրապես՝ սպասվող քաղաքական գնահատականի օգտակարությունը:
«Արդյոք այդ քաղաքական գնահատականը որևէ պարագայում ունենալու է օգտակարություն, թե առաջացնելու է մեր հասարակական բևեռացման հերթական ալիք, սա է գլխավոր հարցը թերևս: Ըստ այդ հարցի, մենք կարող ենք դիտարկել որևէ ինստիտուցիոնալ մակարդակում թեման շոշափելու օգտակարությունը: Այս պարագայում, կարծում եմ, Հանրային խորհուրդը, ցանկացած այլ ինստիտուտ պարզապես խորացնելու է ներքաղաքական բևեռվածությունը և ըստ այդմ դառնալու է ընդամենը ներքաղաքական պայքարի հարցում կառավարող ուժի գործիք, ինչպես մեծ հաշվով եղել է ու այդպես էլ շարունակելու է լինել», - ասաց Բադալյանը:
Հանրային խորհրդի դերակատարության այժմ ակտիվացումը Հակոբ Բադալյանը դիտարկում է առաջիկա ընտրական գործընթացների կոնտեքստում:
Հանրային խորհուրդը ստեղծվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ Սերժ Սարգսյանի կողմից՝ քաղաքական լարված և սուր փուլում, ենթադրվում էր, որ այն պետի քննարկումներ աներ կարևոր հարցերի շուրջ և խորհրդակցական մարմին լիներ կառավարության համար:
Մոտ տասը տարի՝ Հանրային խորհրդի անփոփոխ նախագահը Հայաստանի նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Վազգեն Մանուկյանն էր, ով այդ շրջանում քաղաքական պաշտոն չուներ: Հեղափոխությունից հետո նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակասությունների ֆոնին հրաժարական տվեց, նրա փոխարեն նշանակվեց Ստեփան Սաֆարյանը, սակայն Հանրային խորհրդի գործունեությունն առանձնապես ակտիվ չէր՝ շարունակվող հակասությունների պատճառով, 2021-ից սկսած Ստեփան Սաֆարյանը ևս հրաժարվեց հանրային խորհրդի նախագահությունից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, և այդ օրվանից Հանրային խորհուրդը փաստացի չի գործում: