Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում բեռնատար ավտոմեքենան Ամանորի տոնակատարությունների ժամանակ մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ՝ սպանելով առնվազն 10 մարդու, երեք տասնյակից ավելի մարդ մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել: Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա։
Ականատեսները պատմել են, որ վրաերթից հետո վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել է կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով երկուսին, որոնց վիճակն այժմ կայուն է: Ոստիկանները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով վարորդը սպանվել է:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ֆրանսիական թաղամասի Բուրբոն փողոցում, որը տարվա այս ժամանակ լի է զբոսաշրջիկներով: Ոստիկանության տեսուչ Էնն Քիրքպատրիկն ասել է, որ վարորդի գործողությունները միտումնավոր են եղել, նա փորձել է վրաերթի ենթարկել հնարավորինս շատ մարդու: Նախնական տվյալներով՝ տուժածների մեծ մասը տեղացիներ են, ասել է նա:
«Մենք միայն որոշ տեղեկություններ ունենք այն մարդկանց մասին, որոնք հենց հիմա գտնվում են հիվանդանոցում: Մենք այս պահին չգիտենք, թե քանիսը կարող են լինել զբոսաշրջիկներ, քանիսը՝ տեղացիներ, բայց դատելով այս պահին իմ ունեցած տեղեկություններից՝ կարծես, մեծամասնությունը տեղացիներ են», - նշել է ոստիկանության տեսուչը:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կատարվածն ահաբեկչական գործողություն է։ Դեպքի վայրում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, և իրավապահներն այժմ փորձում են հասկանալ, թե արդյոք այն կպայթեր գործի դրվելու դեպքում:
Ականատեսներից մեկը պատմել է, որ իրենք Բուրբոն փողոցի բարերից մեկում են եղել միջադեպի ժամանակ և կրակոցները չեն լսել, սակայն հետո տեսել են, որ մարդիկ սկսել են վազել և թաքնվել սեղանների տակ:
«Կարծես հրաձգային ակտիվ վարժանք լիներ: Երբ ոստիկանությունը մեզ թույլ տվեց բարից դուրս գալ, մենք անցնում էինք մահացածների և վիրավորների կողքով, որոնց կարելի էր տեսնել փողոցի երկայնքով», - նշել է ականատեսնեից մեկը:
Իշխանությունները բնակիչներին հորդորել են խուսափել միջադեպի տարածքին մոտենալուց մինչև իրավապահները կավարտեն աշխատանքները:
Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին X-ում դատապարտել է կատարվածը և նշել, որ աղոթում է բոլոր զոհերի համար. - «Այսօր վաղ առավոտյան Բուրբոն փողոցում տեղի է ունեցել բռնության սարսափելի գործողություն... Խնդրում եմ, միացե՛ք ինձ և կնոջս՝ Շարոնին և աղոթեք դեպքի վայրում գտնվող բոլոր զոհերի և առաջինն արձագանքողների համար»:
ԱՄՆ նախագահին զեկուցվել է միջադեպի մասին: Սպիտակ տնից ասել են, որ Ջո Բայդենը կապի մեջ է Նոր Օռլեանի քաղաքապետի հետ և աջակցություն է առաջարկել նրան: