Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Այսօր մենք ավելի պետություն ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ»


Հանրապետության օրվան նվիրված տոնական քայլերթին Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում հավաքված քաղաքացիները ստիպված եղան հետևել բջջայիններով՝ մոտ երկու կիլոմետր հեռու վարչապետից և բարձրաստիճան մյուս պաշտոնյաներից:

Վաղ առավոտից մարդիկ այստեղ սպասում էին, որ արգելապատնեշներն ի վերջո կբացվեն, և իրենք կբարձրանան հուշահամալիրի տարածք՝ դիտելու տոնական միջոցառումը: Արգելապատնեշները հանվեցին, երբ տարածքից հեռացավ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հեռանալուց հետո արդեն մարդիկ հիշեցին, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2018, 2019 թվականներին տոնական օրերը նշում իրենց հետ, իրենց շարքերում: Փաշինյանը, սակայն, այսօր չխախտեց վերջին երկու-երեք տարիների ավանդույթը՝ շուրջբոլորն իր թիմակիցներն էին, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ուժայիններ:

«Հայաստանը իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». - վարչապետը Սարդարապատում ունեցած մոտ 12-րոպեանոց ելությում կարևորեց պետությունն ու պետականությունը: Պնդեց, թե պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից ժողովրդի վախերը լիարժեք հաղթահարված չեն, և ժողովուրդը պատմությունն ու աշխարհը ընկալում է այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունն է սերմանել: Դրանց հաղթահարման համար առաջարկեց հաշվի առնել մի քանի իրողություն, օրինակ՝ այն, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանը ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։

«Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության։ 2020 թվականից ի վեր, անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թե ինքնիշխանությունն ամրապնդելու ինչ հնարավորության մասին է խոսքը, վարչապետը չմանրամասնեց, բայց շեշտեց՝ դեպի ինքնիշխանություն տանող ընթացքը մտնում է վճռական փուլ: Հաջողություն համարեց հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, որի ստորագրման համար Բաքուն պահանջում է Երևանից փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հաջողությունների շարքում դասեց նաև հայ - թուրքական երկխոսությունը: Այստեղ էլ Երևանն ու Անկարան երեքուկես տարի է՝ բանակցում են, բայց ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա:

Վարչապետը նաև պնդեց՝ աճում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, տարբեր երկրների հետ հարաբերություններին նոր լիցք է հաղորդվում: Վերջում եզրակացրեց. - «Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն»։

Բայց վարչապետի հայտարարությանը, թե խաղաղությունն ու անվտանգությունն են դառնալու են Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցները, թերահավատորեն էր վերաբերում Սարդարապատի հուշահամալիրում «Ազատության» հետ զրուցած քաղաքացին. - «Այն, ինչ որ տեղի է ունենում էսօրվա կապակցությամբ, անվտանգության առումով, անկասկած, տակավին ոչինչ ենք տեսնում, որ մենք զմեզ անվտանգ զգում, շոշափելի երևույթներ, փաստեր տակավին չկան մինչև այսօր: Այսօրվա քաղաքականությունը, այն, ինչ որ տեսնում ենք, ես չեմ կարծում, որ կարենա ապահովել մեր երազանքը: Բայց էդ չի նշանակում, որ քաղաքականությունը չի կարելի փոխել: Նույնիսկ այսօրվա իշխանությունները, երևի, եթե ուզենան, կարան իրենց քաղաքականությունը փոխել՝ ի նպաստ մեր ժողովրդի, ի նպաստ մեր հայրենիքի»:

Պետության անվտանգության, պետականության հզորացման համար կարևոր է համախմբվելը, այսօրվա ուղերձում ընդգծել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Պատերազմից հետո աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների առաջին դեմքերը միասին որևէ պաշտոնական միջոցառման չեն մասնակցել: Սարդարապատում այսօրվա պետական միջոցառմանը ներկա չէին խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Նրանք էլ առանձին տոնեցին:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG