Մատչելիության հղումներ

«Ոստիկանությանը թիրախավորող», «հանրությանը մոլորեցնող»․ ՆԳՆ պարզաբանում է պարեկների կողմից քաղաքացուն ծեծելու մասին հայտարարությունը


Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի
Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի

Կեղծ տեղեկությունները նպատակ ունեն թիրախավորելու Ոստիկանությանն ու մոլորեցնելու հանրությանը, հայտարարում է Ներքին գործերի նախարարությունը՝ պարզաբանելով պարեկների կողմից իր եղբորը ծեծելու մասին փաստաբան Ռոման Երիցյանի հայտարարությունը։

Երիցյանը երեկ ասել էր, որ մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ կատարվածը կապել էր Ռոման Երիցյանի գործունեության հետ՝ շեշտելով, որ «Երիցյանը պաշտպանում էր Արցախի ղեկավարության, պարբերաբար ձերբակալվող կամ կալանավորվող տարբեր քաղաքապետերի շահերը»։

«Հասկանալի է, որ թիրախը պատահական չի ընտրված, զգուշացնում են։ Միլիցիայի հինավուրց մեթոդներն են», - հայտարարել է իրավապաշտպանը։

ՆԳՆ-ից «Ազատության»-ը փոխանցել էին, որ դեպքով ծառայողական քննույթուն է նշանակվել։

Նախարարությունը պարզաբանում է՝ ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները։ Ըստ այդմ՝ բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ո՛չ նրա, ո՛չ ԼՂ բնակչության հասեցին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով։

ՆԳՆ-ի փոխանցմամբ, ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Որոշ օգտատերերի կողմից հրապարակված ակնհայտ սուտ և իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները, ենթադրաբար, նպատակ ունեն թիրախավորել Պարեկային ծառայությանը, մոլորեցնել հանրությանը, ստեղծել տպավորություն, թե իբր Ոստիկանությունը առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ։ Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և մանիպուլյացիոն տեղեկություններ տարածելուց, որոնք, որոշ դեպքերում, նպատակ են հետապնդում պառակտել հասարակությանը», - ասված է ՆԳՆ պարզաբանման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG