Կառավարությունը մտադիր է Ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տալ աշխատանքային պայմանագրերին: Արդեն 8 օր շրջանառվող որոշման նախագծում, սակայն, հեղինակը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, չի մանրամասնում, թե Ներքին գործերի նախարարությանն ինչու են տալիս նման հնարավորություն:
Նախագծում ընդամենը նշվում է, որ Աշխատանքային օրենսգրքում վերջերս արված փոփոխությամբ նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ: Այն գործելու է Պետեկամուտների կոմիտեի հսկողության ներքո: Եվ այդ համակարգին հասանելություն է տրվելու նաև Ներքին գործերի նախարարությանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նախագիծը կարդացել է ու բազմաթիվ հարցեր ունի:
«Նախագիծը շատ թերի է ներկայացնում և գրեթե չի ներկայացնում, թե որն է այն հիմնավորումը, անհրաժեշտությունը, հանրային օգուտը, որով պայմանավորված՝ պետք է Ներքին գործերի նախարարությունը ունենա հասանելիություն թվային համակարգին և դրանում առկա անձնական տվյալներին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Դոյդոյանը:
«Որոշման մեջ ընդհանրական գրված է՝ ՆԳՆ-ին հասանելիություն, ու այդ իմ ասած սկզբունքները այդքանով խախտվում են՝ և՛ համաչափությունը, և՛ օրինականությունը: Լինում է անձնական տվյալների գլխավոր սկզբունքները խախտող ակտ», - շարունակեց նա:
Նախագծում նշվում է, թե Աշխատանքի տեսչական մարմնին տալիս են հնարավորություն, որ կարողանան վերահսկել, բացահայտել աշխատող-գործատու հարաբերությունների մութ անկյունները, բայց ոչ մի տող չկա Ներքին գործերի նախարարությանը տրվող հասանելիության անհրաժեշտության մասին:
Փակագծերը օրվա վերջում բացեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Ազատությանը» պարզաբանեցին՝ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն են մտադիր հասանելիություն տալ, այն էլ՝ միմիայն օտարերկրացիներին առնչվող փաստաթղթերին: Այս մասին դրույթ կա վերջերս փոփոխված Աշխատանքային օրենսգրքում: Պնդեցին, թե Հայաստանի քաղաքացիների մասին չէ այս նախագիծը, թեև հրապարակված պաշտոնական նախագծում որևէ կերպ չի նշվում, որ սա օտարերկրացիների մասին է:
Դոյդոյանը, սակայն, ընդգծում է՝ նախագիծը պետք է համապատասխանի Աշխատանքային օրենսգրքին, ինչն արված չէ:
Շուշան Դոյդոյանը, որն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջին ղեկավարն էր ու պետական այս կառույցը ղեկավարել է երկու տարի, նաև ընդգծում է՝ նախագիծը պետք է համապատասխանի անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին. - «Պետք է լինի գործակալության հավանությունըև կարծիքը այս նախագծի վերաբերյալ, և եթե իրենք կտեսնեն, այստեղ ակնհայտ են հակասություններ անձնական տվյալների պաշտպանության սկզբունքների հետ, եթե կտեսնեն, ապա պետք է դա ուղղվի»:
Մինչդեռ այդ փաստաթղթին անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դեռևս եզրակացություն չի տվել, իսկ սոցնախարարությունն առանց դրա այն դրել է շրջանառության մեջ: «Ազատության» հետ զրույցում գործակալությունից փոխանցեցին՝ առաջիկայում կանդրադառնան նախագծին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հակադարձում են՝ նախագիծն ուղարկել են Արդարադատության նախարարությանը, ու զուգահեռ այն դրվել է հանրային քննարկման: Դոյդոյանը, սակայն, պնդում է՝ նախագիծը պետք է հանվի շրջանառությունից, ուղարկվի գործակալություն, հետո նրանց տված կարծիքի հիման վրա լրամշակվի ու նոր հրապարակվի:
Ի դեպ, փետրվարի 5-ից շրջանառվող նախագիծն այս պահին ավելի շատ դեմ, քան կողմ ձայներ է հավաքել: Սովորաբար, այս հարթակում պետական կառույցներն օրենքների կամ որոշումների նախագծերը հրապարակում են, որպեսզի գնահատականներ ստանան հանրությունից: