Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդը փոդքասթի ժամանակ հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչել է 193 երկիր, և նկատել, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը, Իսրայելն է: Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ փաստացի ճանաչել ենք։ Քնեսեթը նմանատիպ բանաձև է ընդունել»:
Այդպիսի օրենք, սակայն, Քնեսեթը չի ընդունել։
Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։
Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծ 2018-ին առաջին անգամ դրվել էր Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, սակայն այն չէր ընդունվել: