Մատչելիության հղումներ

Նախկին ՔՊ-ականը՝ մեղադրյալ. Թաթուլ Ասլիյանին արդեն տեղափոխել են Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից, իջևանցի Թաթուլ Ասիլյանն ինքն է այժմ պատասխան տալիս կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության մեղադրանքի շրջանակում: Մեղադրյալի աթոռին հայտնված Ասիլյանին օրերս Մոսկվան արտահանձնել է Երևանին: Հայաստանի գլխավոր դատախազությունից միայն փոխանցում են, որ ռուսաստանցի գործընկերները բավարարել են իրենց միջնորդությունը:

Ընդդիմության քննադատը ոչ վաղ անցյալում պարբերաբար հանդես էր գալիս իշխանությանը գովերգող հայտարարություններով, իր հետևորդներին հիշեցնում Փաշինյանի ձեռքբերումների, նախկին իշխանավորների անօրինականությունների մասին:

Թե կոնկրետ ինչ հանցավոր արարք է թույլ տվել տարիուկես առաջ հարազատ թիմից հեռացված 35-ամյա Ասիլյանը, գործը քննող Հակակոռուպցիոնը չի մանրամասնում, պարզ չէ կաշառք է ստացել, թե միջնորդել: Հայտնի չէ նաև՝ Հայաստան բերվելուն պես արդյոք կալանավորե՞լ են նրան, թե՞ թողել ազատության մեջ:

Ի՞նչ փոխվեց իշխող ուժի ներսում, որ 2023-ին, երբ Ասիլյանն ակտիվ քննադատում էր ոչ միայն ընդդիմությանը, այլև պիտակավորում արցախցիներին, պարբերաբար հանդես գալիս բողոքի ակցիաներ անցկացնող արցախցիներին պետական օգնությունից զրկելու առաջարկներով, հայտնվեց լուսանցքում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նրան հեռացրեց իր շարքերից՝ ենթարկելով կարգապահական պատասխանատվության: Ինքը՝ Ասիլյանն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե պատճառն Արցախի թեմայով իր ֆեյսբուքյան գրառումն է, բայց այդպես էլ չէր հիշել արդեն ջնջած գրառման բովանդակությունը:

«Եթե դաժե ինձ կուսակցությունից հեռացրել են, ես էլի նույն ձև հավատարիմ մնալու եմ կուսակցությանը: Եթե կանգնեմ դատարանի առաջ, ինչ-որ մի հարցով պատասխանատվություն կրեմ, էլի ես կանգնելու եմ իրանց կողքին», - ասել է նա:

Անգամ ՔՊ-ից հեռացվելուց հետո Ասիլյանը չի դադարեցրել պաշտպանել իշխանության արտաքին քաղաքականությունը, գրել Ադրբեջանի հետ խաղաղության կարևորության մասին, անգամ ցանկություն հայտնել ադրբեջաներեն սովորել ու դիմել Ադրբեջանի նախագահին, որ հրավերք ստանա ու մեկնի Բաքու:

Իրավապահները նախկին ՔՊ-ականին փնտրում են անցած մայիսից, նա Ֆեյսբուքում ակտիվ էր դեռ հոկտեմբերին, երբ արդեն հետախուզվում էր: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական գրառումներ կամ ակնարկներ չկան, փոխարենը նախկին ՔՊ-ականը քննադատել է իշխանական պատգամավորներին, պնդել, որ գոնե 35 պատգամավոր չպետք է լինի իշխող թիմի կազմում, հորդորել խելքի գալ, նաև կանգնել Հովիկ Աղազարյանի կողքին:

Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանն այս անգամ չմերժեց Հայաստանին այնպես, ինչպես անցած տարիներին: Այս հարցի պատասխանը գտնել չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Երևանը շարունակում է սպասել մոտ մեկ տասնյակ հետախուզվողների արտահանձնմանը:

Հետախուզվողների շարքերում են կոռուպցիոն հանցագործություններից մինչև 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործերով անցնող նախկին իշխանության ներկայացուցիչ մեղադրյալները՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ հեռանալով Հայաստանից՝ այժմ դասավանդում է Ռուսաստանի դատախազության ակադեմիայում, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ Ռուսաստանից հարցազրույցներ է տալիս լրագրողներին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին քննիչ Վահագն Հարությունյանը, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը և այլոք։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG