Նախիջևանին օդային հարվածներից ժամեր անց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում ընդգծեցին լարվածության հետագա սրացումից զերծ մնալու կարևորությունը:
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, ըստ պաշտոնական հաղորդագրության, գոհունակությամբ նշել են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության կարևորությունը:
Միայն ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Բայրամովը հայաստանցի պաշտոնակցին մանրամասներ է փոխանցել անօդաչուներով Նախիջևանի վրա հարձակման մասին, որի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժել են խաղաղ բնակիչներ:
Տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը արտգործնախարար Միրզոյանն այսօր էլ քննարկել է թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, մանրամասներ Երևանն ու Անկարան չեն հաղորդում:
Հեռախոսազանգերին նախորդել էր վարչապետ Փաշինյանի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստը նաև հրավիրված պաշտոնյաների մասնակցությամբ՝ պատգամավորներ, նախարարներ:
Կառավարությունը հաղորդում է, որ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։
Հայաստանի սահմանին յոթերորդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում սա արդեն Անվտանգության խորհրդի երկրորդ նիստն է: Իսկ ո՞ւր է արդյունքը, հարցնում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ո՞ր ջանքերը, Անվտանգության խորհրդի նիստ հավաքելը՞: Հա, կարողացել են զանգել, բոլորով հավաքվել», - ասաց Մամիջանյանը՝ շարունակելով. - «2008 թվականին, երբ որ սկսվեցին ռազմական գործողություններ Ռուսաստանի և Վրաստանի միջև, նախագահ Սարգսյանը Հայաստանում չէր: Արտերկրից նախագահ Սարգսյանը կապ հաստատեց այն ժամանակվա Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ, շատ մեծ ծավալով ստրատեգիական ապրանքների պաշար խնդրեց. վառ օրինակ, թե ինչպես պետք է վարվել, երբ որ հայ-հայ ա տարածաշրջանը պայթելու է»:
Արդյո՞ք կասկածի տակ է «Թրամփի ուղու» ճակատագիրը, որ հենց Իրանի սահմանով է անցնելու՝ միանալով երեկ հարվածի թիրախ դարձած Նախիջևանին:
Կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Արման Եղոյանը այսօր հավաստիացում էին, թե որևէ վտանգ ամերիկյան հովանու ներքո իրականացվելիք նախագծին չի սպառնում:
«Մենք առաջ ենք շարժվում էն փաստաթղթերով, էն պայմանավորվածություններով, որը որ կա, և այս պահին որևէ ռիսկ չկա՝ կապված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ», - հայտարարեց Հովհաննիսյանը:
«Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է, և էն հարաբերությունները, որ մենք հաստատել ենք բոլո՛ր կողմերի հետ՝ սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Ռուսաստան, վերջացրած տարածաշրջանի երկրներ, բոլոր էն հաշվարկները, որ մենք արել ենք, պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել, մինչ էս պահը ցույց են տալիս, որ հնարավոր դասավորվածության մեջ Հայաստանի համար ապահովում են լավագույն հնարավոր արդյունքը», - ասաց Եղոյանը:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ «Թրամփի ուղին» իսկապես վտանգված չէ, փոխարենը՝ ավելի մշուշոտ է դառնում Հայաստանի ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկի» հեռանկարը:
«Պարզ է, որ նույնիսկ պատերազմը եթե ավարտվի մոտ ապագայում, Իրանի շուրջ լարվածությունը շարունակելու է մնալ, և ընդհանուր առմամբ Հայաստանի հարավային սահմանին այդ ապակայունացումը չի կարող նպաստել ինչ-որ կառուցողական ծրագրերի իրականացմանը հաղորդակցությունների ոլորտում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ շարունակում է՝ շրջափակված Հայաստանը այս մեկ շաբաթվա ընթացքում արդեն բախվել է խնդիրների. Իրանի անցակետը սահմանափակումներով է աշխատում, ամբողջությամբ գործում է միայն հայ-վրացական սահմանը:
«Ունենք մոտ 100 միլիոն դոլարի չափով արտահանում, Իրանից նաև ներկրում ենք մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, որոնք մեր տնտեսության համար էական նշանակություն ունեն, քանի որ զսպում են գնաճը», - նշեց տնտեսագետը:
Իրանը Հայաստանի չորրորդ խոշոր գործընկերներն է՝ ավելի քան 768 միլիոն դոլար առևտրաշրջանառությամբ: Ռուսաստանից ու Չինաստանից հետո երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է, սակայն պատերազմի հետևանքով նաև օդային այս տարածքն է փակ:
«Արաբական Էմիրությունները դարձել են Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը՝ պայմանավորված ոսկու վերաարտահանմամբ, հիմա այդ վերաարտահանման սխեմաներն են դադարել, փոխանցումներ են դադարել: Հատկապես արտարժույթի հոսք կար Արաբական Էմիրություններից դեպի Հայաստան, այդ հոսքի կրճատման կամ դադարեցման հետևանքով դա ևս կարող է իրազդեցությունը թողնել Հայաստանի արդեն փոխարժեքի վրա», - ասաց Պարսյանը:
Այդ թվում նաև օդային ուղևորափոխադրումներն են դադարել Պարսից ծոցի վրայով՝ առաջացնելով կոլապս: Մասնագետները ստեղծված իրավիճակը գնահատում են կարճաժամկետ ռիսկ, բայց ասում են՝ եթե պատերազմը երկարի, տնտեսական հետևանքները կարող են ծանր լինել: