Մատչելիության հղումներ

Քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին


TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը, որ «մենք կանենք և աշխատում ենք դրա վրա», որը նաև պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է, այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է», - «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ընթացքում ասաց նա:

Հաջորդիվ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Նահանգները: Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք, վստահեցրեց Փաշինյանը:

Նա նշեց, որ փորձագիտական շրջանում քննարկվում է հետևյալ հարցը՝ արդյոք ՀՀ որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը, և ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ ոչ:

Վարչապետը հավելեց՝ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Այժմ, նրա ներկայացմամբ, քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը։ Փաշինյանը ժամկետը պայմանավորեց ներդրումներով:

«Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը հետ ստանալ», - ասաց նա:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենում քննարկել են, թե որտեղից է պետք սկսել նախագիծը, ու նախնական քննարկմամբ եկել ըմբռնման, որ ամենաարագ իրականացվողը էլէկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է: Սակայն, ասաց, դա նախնական ըմբռնում է:


XS
SM
MD
LG