Մատչելիության հղումներ

«Մթնոլորտը ծանր, ահավոր է». ինչ են պատմում լիբանանահայերը

Բեյրութ, ապրիլի 9,2026թ.
Բեյրութ, ապրիլի 9,2026թ.

Միացյալ Նահանգների ու Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը Լիբանան չի հասնում: Երեկ կրակի տակ էին ոչ միայն Բեյրութի հարավային շրջանները, այլև քաղաքի կենտրոնական թաղերը: Ավիառումբերը հայկական հատվածներ չեն հասել, բայց նավահանգստի մոտ ապրող Մարալ Մանիսը՝ հայկական վարժարանի ուսուցչուհի, պատմում է՝ ձայներից սարսափի մեջ էին բոլորը.

«Ձայնը հստակորեն լսեցի, քանի որ ես պատշգամբում էի, օդանավը կդառնար...վախցանք, շատ զորավոր եղավ...այդ աստիճանի վախեցանք»,- պատմում է Բեյրութի հայկական վարժարանի ուսուցչուհի Մարալ Մանիսը:

Իսրայելը հայտարարում էր, որ թիրախավորում է այն շրջանները որտեղ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլա»-ի ղեկավարներն են կամ զինապահեստները, բայց խաղաղ բնակիչներն են զոհերը,- ասում է Մարալ Մանիսը:

«Ծնողները, որ իրենց զավակներին են կորցնում կամ զավակներ, որոնք իրենց ծնողներին են կորցնում, շատ ցավալի վիճակ է, երբեմն գերդաստանով, երբեմն բոլոր ընտանիքով...: Ավելի շատ ժողովրդին էր վնասը, ոչ թե կուսակցականներուն»,- պատմեց Մարալը:

Լիբանանում սգո օր է. մեկ օրում 254 զոհ և 1800 վիրավոր

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր, քաղաքագետ Շահան Գանդահարյանի տեղեկությամբ՝ հայերի շրջանում զոհեր, վիրավորներ ու նյութական կորուստներ չկան.

«Հայկական թաղերը չեն տուժել, բայց մթնոլորտը ծանր է, ահավոր է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր, քաղաքագետ Շահան Գանդահարյանը:

Հայաստանի արգործնախարարությունն է X-ի իր էջում ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, մաղթել արագ ապաքինում վիրավորներին ու հույս հայտնել, որ լարվածությունը կթուլանա ու ռազմական գործողությունները կդադարեն:

Շահան Գանդահարյանն ասում է. «Այսօր համեմատաբար հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ հրադադար է, դա չի նշանակում, որ հավածներ չկան, բայց երեկվա տարողությունն աննախադեպ էր և ցավով նաև իր հետևանքներով»:

Եթե նախորդ շաբաթների ընթացքում Իսրայելը միայն հարավային շրջաններն էր կրակի տակ պահում, այժմ, ըստ Գանդահարյանի, աշխարհագրությունն ընդլայնված է՝ հիմա թիրախ է ամբողջ Լիբանանը: Լարվածության թուլացմանը գուցե կօգնի միջազգային դերակատարների ճնշումը Թել Ավիվի վրա՝ հրադադարը նաև Լիբանանում պահպանելու առումով: Եվրոպական միության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ հրադադարը պետք է նաև Լիբանան հասնի, նաև հավելել՝ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլա» խմբավորումն էլ պետք է զինաթափվի։ «Հեզբոլլա»-ն, սակայն, ոչ թե զինաթափման, այլ իսրայելական հարվածներին պատասխանելու մասին է հայտարարում: Քաղաքագետ Գանդահարյանը վստահ է՝ հրադադարը չպետք է շրջանցի Լիբանանը, ընդգծում է. «Սա փոխկապակցված ռազմական գործողությունների շղթա է, և հրադադարը պետք է ընդհանուր տարածվի նաև Լիբանանի վրա»:

Այսօր Լիբանանը ջլատվում է. հերթական անգամ երկնքում անընդհատ մահաբեր աղմուկ է, իսրայելական հարվածների հետևանքով վերջին շաբաթներին այստեղ 1500 մարդ է մահացել, 130-ը երեխաներ են: Շահան Գանդահարյանն առայժմ խաղաղության հեռանկար չի տեսնում, եթե նույնիսկ կայանա փոխզիջումը Միացյալ Նահանգների ու Իրանի միջև՝ Իրանը պատժամիջոցների ամբողջական վերացում ստանա, իսկ Նահանգները Հորմուզի վերահսկողությունը:

«Ինչ-որ տեղ պիտի բախվեն Վաշինգտոնի ու Թել Ավիվի շահերը, որովհետև Թել Ավիվն անվտանգային գոտի ստեղծելու խնդիր ունի հարավում»,- նշում է քաղաքագետը:

Երկրում այսօր ավելի քան մեկ միլիոն փախստական կա՝ հարավային շրջանների կրակից փախած ընտանիքներն են: Լիբանանահայերի շրջանում երկիրը լքելու տրամադրություններ չկան,- ասում է Մարալ Մանիսը, պատճառն այն է, որ նաև տնտեսական վիճակն է ծանր, շատերն ուղղակի հնարավորություններ չունեն բնակության նոր ուղղություն գտնելու, հատկապես որ խաղաղ անկյուններն էլ շատ չեն մնացել. «Ընդհանուր աշխարհը խաղաղության մեջ չէ»,- ասում է Մարալ Մանիսը:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG